Բարդուխ Գաբրիելյան. Այս տարի սիգի պաշարները հասել են 300-320 տոննայի
Այս տարի սիգ ձկան պաշարներն ավելացել են և հասել են` 300-320 տոննայի, նախորդ տարի այդ թիվը եղել է 6,5-8 տոննա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Նա նկատեց, որ 2009-11թթ. շատ էին խզվել պաշարները, Սևանա լճում շատ քիչ ձուկ էր մնացել: «Շատերը թողեցին ձկնորսությունը, սիգի պոպուլյացիայի վրա պրեսսը նվազեց: Խոշոր ձկների քանակը քչացել էր, մանր խորշերով ցանցեր սկսեցին օգտագործել, ինչի շնորհիվ մայրական կազմի որոշ հատվածը փրկվեց, կարողացավ ձվադրել և բազմանալ: Մեծ ձկների բացակայության պատճառով ձկնկիթների կենսունակ քանակն էլ էր ավելացել: Այս ամենի շնորհիվ մենք ունեցանք այս տարի ձկան բեղուն սերունդ, որը մտավ պոպուլյացիայի մեջ»,- ասաց նա:
Սակայն, ըստ Բարդուխ Գաբրիելյանի, չի նշանակում, որ կարելի է խոսել որսի վերականգնման մասին. «Մենք առաջարկում ենք շարունակել որսի արգելքը: Այս օրերին բավական մեծ քանակի սիգի վաճառք է կատարվում: Անթույլտատրելի է, հիմա սիգի ձվադրման շրջանն է: Մայրական կազմը որսում են և կունենանք նախորդ տարիների ցավալի պատկերը: Մենք առաջարկել ենք նախարարությանը, որ խիստ հսկողություն սահմանվի գոնե այս ձվադրման շրջանում»:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն անդրադարձավ նաև մյուս ձկնատեսակներին և նշեց, որ կողակն այսօր ավելի վատ վիճակում է, քան իշխանը. «Կողակի վերականգնման համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ, երեք անգամ ավելի՝ քան սիգինը, երկու անգամ ավելի, քան իշխանը: Իշխանը լճում գոյություն ունի, նախկինում բաց թողնվածներն էլ արդեն պատրաստ են ձվադրելու»:
Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ իշխանի բնական վերարտադրություն գոյություն չունի՝ որսագողության և գետերի վատ վիճակի պատճառով:
Նա նկատեց, որ պաշարների ավելացումը բերում է նաև որսագողության ավելացման: Իսկ այսօրվա դրական իրավիճակը նախորդ տարիների աշխատանքի շնորհիվ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան