Ջամիլ Հասանլի. ԵԱՀԿ ԺՄԻՀԳ հաշվետվությունն արդեն իսկ բավական է Ադրբեջանի նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելու համար
ԵԱՀԿ ԺՄԻՀԳ վերջնական հաշվետվությունն արդեն իսկ բավական է Ադրբեջանի նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելու համար: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում:
Հասանլին նշել է, որ այնուամենայնիվ, ԺՄԻՀԳ հաշվետվությունը ամբողջովին չի արտացոլում ընտրակեղծիքների բոլոր մանրամասները: Նա ընգծել է, որ կեղծիքները կրել են համընդհանուր և համակարգված բնույթ: Հետևաբար, եվրոպական կառույցների և տեղական դիտորդների համար դժվար է եղել ամբողջ պատկերը տեսնել: «Սակայն նույնիսկ արձանագրված խախտումները և կեղծիքները բավական են ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչելու համար»,- ասել է նա:
Ինչպես նշված է հոդվածում, ԵԱՀԿ դիտորդական խումբը ադրբեջանական նախագահական ընտրություններում գրանցել է մի շարք խախտումներ, ինչպիսիք են անհավասար պայմանները, նախընտրական քարոզարշավի համար տրամադրված ժամանակահատվածի կրճատումը մինչև 21օր, հեռուստատեսությամբ ելույթներ ունենալու սահամանափակումը, թեկնածուների կողմից հանրային ռեսուրսների օգտագործումը, քվեարկության օրը համընդհանուր կեղծումները, զանգվածային լցոնումները, քվեների հաշվարկի ակնհայտ խախտումները:Բացի այդ, ընտրողների թվաքանակի տարբերություն է արձանագրվել Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի (1 միլիոն) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (600 հազար) տրված տվյալներում, ինչը հավասար է ընտրողների 35%-ին: Զեկույցում նշվում է, որ այս խախտումները վերացնելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ:
Ըստ Հասանլիի` այդպիսի քաղաքական կամք Ադրբեջանում չի եղել, չկա և չի էլ լինի, քանի դեռ իշխանությունը ներկայիս կառավարության ձեռքերում է:
Անդրադառնալով ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի նախագահ Անար Մամեդլիի ձերբակալությանը` Հասանլին ասաց, որ Մամեդլիի հետապնդումը ունի քաղաքական դրդապատճառներ:
«Անար Մամեդլիին ձերբակալել են այն բանի համար, որ իր կազմակերպությունը օբյեկտիվ գնահատական է տվել կեղծված ընտրություններին: Սա քաղաքական պատվեր է», - ասել է Հասանլին:
Հիշեցնենք, որ «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնը» հոկտեմբերի 9-ին իրականացրել էր Ադրբեջանի նախագահական ընտրությունների մոնիթորինգը, որի արդյունքում օրենքի բազմաթիվ խախտումներ էր գրանցել: Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել և հետաքննություն սկսել ԸՄԺՀ-ի դեմ: Այս գործի վերաբերյալ «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասում է, որ ԺԸԵՀ-ը բողոքի հայց է նեկայացնում ԸՄԺՀ-ի նախագահ Անար Մամեդլիի նկատմամբ կիրառվող կամայական և անօրինական հետապնդումների դեմ:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացել էին նախագահական ընտրությունները, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել էր` հավաքելով ձայների 85%-ը` վերընտրվելով երրորդ անգամ: ժողովրդական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին երկրորդ տեղն էր զբաղեցրել` ստանալով ձայների 5.5%-ը: Ընդդիմությունը հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք ամբողջովին կեղծված էին: ԵԱՀԿ Ժողովրդավար հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, ԱՄՆ Պետդեպարտամենը, Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը և Եվրախորհրդարանը ընտրությունները գնահատել են ոչ ժողովրդավար և ԵԱԿՀ չափորոշիչներին անհամապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա