Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն կներկայացվի
Նախաքննական մարմինը դեկտեմբերի 28-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դիմում կներկայացնի Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին Panorama.am-ին հայտնեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել. այդպիսով նա բողոքում է տեսակցությունների արգելանքը չհանելու մասին որոշման դեմ: Փաստաբանն ասաց, որ այսօր հանդիպելու է Հարությունյանի հետ, ինչից հետո կարող է մանրամասներ փոխանցել նրա վիճակի մասին:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: