Ընդդիմադիրները մտադիր են ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի անվստահության հարցը բարձրացնել
Այսօր խորհրդարանում, այնուամենայնիվ, կկայանա խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի նախաձեռնած հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստը, որը նախատեսվում էր նախօրեին, սակայն տեղի չունեցավ, քանի որ այդ ուժերի խմբակցությունների ղեկավարները նույն օրը զբաղված էին, խորհրդակցություն էին հրավիրել, որտեղ որոշում կայացվեց գազային պայմանագրի վավերացումն ԱԺ-ի կողմից վիճարկել ՍԴ-ում: Երեկ ԱԺ-ում կրկին համատեղ նիստ են անցկացրել և քննարկել այսօր կայանալիք հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի կայացման մասին որոշումը:
Երեկ երեկոյան դեռ պարզ չէր նիստի ժամը, սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, արտահերթ նիստում, գազային պայմանագրի վերաբերյալ որոշումից զատ, այս ուժերը մտադիր են հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի անվստահության հարցը բարձրացնել, նույնիսկ այն պարագայում, եթե իշխանական 3 ներկայացուցիչները կբոյկոտեն մեծամասնություն կազմողների կողմից հրավիրված նիստը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի ոչ իշխանական անդամներն են` ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը, ԲՀԿ-ից` Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը և Թևան Պողոսյանը` «Ժառանգությունից»: