«ՏՏ ոլորտում հիմնականում գրանցվել են դրական ձեռքբերումներ, իսկ կորուստները դուրս են եղել ոլորտից». Կարեն Վարդանյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար 2013թ-ը հաջող տարի էր, քանի որ ոլորտը շարունակում է նույն տեմպերով աճել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով` ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ակնկալվում է, որ ՏՏ ոլորտում կարձանագրվի 20-25 տոկոսի աճ:
Կ.Վարդանյանը նշեց, որ այս տարի ոլորտում հիմնականում գրանցվել են դրական ձեռքբերումներ, իսկ կորուստները դուրս են եղել ոլորտից: «Բացասական երևույթներից թերևս կարելի է առանձնացնել կենսաթոշակային նոր համակարգի ներդնումն ու «գազային» համաձայնագրի ստորագրումը, որոնք թե ֆինանսական, թե հոգեբանական առումով մեր վրա անդրադառնալու են»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, Կ.Վարդանյանն ասաց, որ դրանք թեև քիչ չեն, սակայն առանձնացրեց դրանցից երեքը:
Ամենամեծ և կարևոր ձեռքբերումը Կ.Վարդանյանը համարում է Պետական ճարտարագիտական համալսարանում Հայկական ազգային լաբորատորիայի բացումը: Ըստ նրա` այն կհզորացնի Պետական ճարտարագիտական համալսարանի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` լաբորատոր սարքավորումների և դասավանդման հմտությունների արդիականացման և ընդարձակման միջոցով: «Կարծում եմ, որ երկու տարի հետո այդ լաբորատորիան մեզ հնարավորություն կտա տարեկան պատրաստել ավելի քան 2000 որակյալ ինժեներ»,- ասաց Կ.Վարդանյանը:
Երկրորդ կարևոր ձեռքբերումը ռոբոտաշինության ծրագիրն է: Հայաստանում այսօր արդեն իսկ գործում է մոտ 60 ռոբոտաշինության խմբակներ, որոնցից 50-ը մարզերում. խմբակներում ներգրաված է 700 երեխա: «Եթե մենք կարողանանք երկու տարվա ընթացքում եռապատկել ակումբների քանակը, ապա ՏՏ ոլորտը կզարգանա նաև մարզերում, իսկ դա հավասար պայմաններ կստեղծի հանրապետությունում, ինչպես նաև կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը միջազգային շուկայում»,- ընդգծեց Կ.Վարդանյանը:
Մյուս կարևոր ձեռքբերումը, ըստ նրա, «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլն էր, որը ոչ միայն Հայաստանում, այլ Սփյուռքում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Արդյունքում, արդեն ստեղծվել են մի քանի ձեռնարկություններ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր: «Սա լուրջ ձեռքբերում է, և այս առումով մենք մի քանի տարի առաջ ենք ընկել»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:
Անդրադառնալով 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, որին դեմ են հատկապես ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, Կ.Վարդանյանը նշեց, որ դրանով անկում կապրի ՏՏ ոլորտի մրցունակությունը: Նրա խոսքերով` այդ համակարգի ներդրումով Հայաստանում աշխատավարձերը արհեստական կբարձրացվեն, իսկ դա լուրջ հարված կհասցնի մրցունակությանը: «Համոզված եմ, որ այն չեղյալ է համարվելու, քանի որ շատ մարդիկ դեռ չեն գիտակցում, թե ինչ է այն իրենից ներկայացնում, ուստի կիրառումից հետո չեղյալ համարելու խնդիրը բարձրանալու է: Որևէ նախադրյալ նմանատիպ համակարգեր ներդնելու Հայաստանում չկա: Այն լինելու է դրսի ֆինանսական կառույցների ճնշման տակ, կամ այդ կառույցներին հաճոյանալու համար, այնպես ինչպես գազի դեպքում արվեց»,- ասաց Կ.Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում