Վարչապետ. Հաջորդ տարի նոր ավիաընկերություններ են մուտք գործելու Հայաստանի ավիաոլորտ
Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը, որով ակնկալվում է ապահովել Հայաստան զբոսաշրջային հոսքի 10 տոկոսի աճ:
Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, զբոսաշրջության ոլորտում այս տարի արձանագրվել է 12.5%-ի աճ, իսկ հյուրանոցային համարները ավելացել են 750-ով: Նախարարը նաև ասաց, որ ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի ունենանք բարենպաստ միջավայր զբոսաշրջության ոլորտում, որը կնպաստի ավիափոխադրողների գործունեության ավելացմանը: Ըստ նրա` գների նվազում կա ավիափոխադրումների ոլորտում:
«Կառավարության Բաց երկնքի քաղաքականությունը նպաստել է, որպեսզի գները զսպվեն և նվազեցվեն»,- ասաց նախարարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով` հաջորդ տարին լինելու է լրջագույն փոփոխությունների տարի: «Նոր ավիաընկերություններ են գալու, գներն են նվազելու: Մի քանի խոշոր ավիաընկերություններ չվերթներ են կազմակերպելու, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Նշենք նաև, որ նախագծի հիմնավորման համաձայն` այն համապատասխանում է պետական քաղաքականության հայեցակարգային նպատակներին և խնդիրներին, ուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային տարեշրջանի երկարաձգմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը:
Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (շուրջ 10 տոկոս) պահպանմանը: Նախատեսվում է ավանդական փառատոնների կազմակերպման և կայացման միջոցով ապահովել հյուրընկալող և շրջակա համայնքների` իրենց զբոսաշրջային ներուժով ու դիվերսիֆիկացված զբոսաշրջային արդյունքներով ներքին և միջազգային զբոսաշրջային շուկայում պատշաճ ներկայացում, ամրապնդել միջազգային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագիրը:
2012 թվականին Հայաստան են ժամանել 843 հազար 330 միջազգային զբոսաշրջիկներ` 11.3 տոկոսով ավելի, քան 2011թ.-ին: 2013 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 677 հազար 906 զբոսաշրջիկ` 12.4 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընթացքում: 2012 թվականին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 514 հազար 771` 2011թ.-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով: 2013 թվականի հունվար-սեպտեմբերին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 587 հազար 307` 2012թ.-ի նկատմամբ ցուցանիշը աճել է 38.2 տոկոսով: 2000-2012 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 18 անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում