STRATFOR. 2014թ-ի 5 գլխավոր աշխարհաքաղաքական միտումները
STRATFOR ռազմավարական կանխատեսումների կենտրոնը հրապարակել է 2014թ.-ի համար ամենակարևոր քաղաքատնտեսական միտումների առաջին հնգյակը, որոնք էական նշանակություն են ունենալու հաջորդ տարվա աշխարհաքաղաքական զարգացումների թատերաբեմում:
- Իրան – ԱՄՆ հարաբերություններում լարվածության նշանակալի թուլացում
- Եվրոպայում ազգայնական և ծայրահեղական ուժերի վերելք
- Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու էներգետիկ քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի և Գերմանիայի միջև գործարք
- Չինաստանի վերադարձ դեպի մեծ քաղաքականություն
- Թուրքիայում ու Հնդկաստանում ներքին անկայունություն և տնտեսական ցնցումներ
Համաձայն Startfor-ի փորձագետների` ԱՄՆ-ն առաջիկայում փորձելու է Մերձավոր Արևելքում ապահովել ուժերի հավասարակշռություն` ի հաշիվ Իրանի հետ տարվող ռազմավարական բանակցությունների: Չնայած Իրանի առաջ բոլոր դռները միանգամից չեն բացվի, սակայն արդեն իսկ պարզ է դառնում, որ Իրանը տարածաշրջանում դառնալու է լուրջ դերակատար և նույնիսկ ԱՄՆ-ի «թաքնված» դաշնակիցը, ում միջոցով Վաշինգտոնը փորձելու է ապահովել ուժային հավասարակշռություն թե Մերձավոր Արևելքում և թե Կենտրոնական Ասիայում: Իրանի դերը` որպես հավասարակշռություն ապահովող երկիր, էլ ավելի կմեծանա, երբ ԱՄՆ-ն վերջնականապես դուրս բերի զորքերը Աֆղանստանից:
«Արևելյան գործընկերության» ծրագրի` ԵՄ-ի համար ոչ այնքան շահեկան ելքից հետո փաստացիորեն Գերմանիան իր ձեռքն է վերցնում ԵՄ-ի հարևանության քաղաքականությունը և անմիջապես փորձում է բանակցությունների մեջ մտնել Մոսկվայի հետ: Հաշվի առնելով Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքական դիրքորոշումը` Գերմանիան կփորձի վերականգնել ուժերի հավասարակշռությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և ՌԴ-ի հետ ձեռք կբերի անհրաժեշտ համաձայնություն:
Ինչպես երևում է` հետաքրքիր զարգացումներ են սպասվում նաև Թուրքիայում, ինչն արդեն ակնհայտ է այս օրերին` կապված ներքին քաղաքական ճգնաժամի հետ: Բացի դրանից սկսել են ակտիվորեն շրջանառել Թուրքիան նախագահական հանրապետության վերածելու մասին լուրերը, ինչը կարող է ներքաղաքական լուրջ տարաձայնությունների ու բախումների տեղիք տալ: Նման քաղաքական անկայունությունը չի կարող ուղղակիորեն չազդել նաև տնտեսության վրա: Տնտեսական աճի կրճատումը Թուրքիայում սկսել է դեռ 2012թ-ից: Եթե 2010 և 2011թթ.-ին Թուրքիայի ՀՆԱ-ի աճը կազմել է համապատասխանաբար 8.9% և 8.8%, ապա 2012թ.-ին տնտեսական աճը կազմել է ընդամենը 2.2%, ինչի գլխավոր պատճառներից է ինֆլյացիայի մակարդակի զսպման քաղաքականությունը (2010թ-ի 11.9%-ից 2012թ-ին հասել է 8.9%-ի):
Նշված բոլոր միտումներն ուղղակիորեն կամ անուղղակի կապված են Հայաստանի հետ, իսկ գալիք տարին քաղաքական և տնտեսական լուրջ փոփոխությունների ու վերադասավորումների տեսանկյունից չի զիջելու անցնող տարուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա