Քրմոյան. 2014-ը հռչակել ենք առողջ ապրելակերպի տարի (Տեսանյութ)
2014 թվականը մենք հռչակել ենք առողջ ապրելակերպի տարի: Առողջ ապրելակերպ ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրն ու հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող կառավարության քաղաքականությունը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը` խոսելով «2014 թ. առողջ ապրելակերպի տարի» թեմայի շուրջ:
«Առաջին անգամ համապարփակ ծրագիր է մշակվել առողջ ապրելակերպի խթանման ու խրախուսման ուղղությունների վերաբերյալ»,-ասաց ԱՆ պաշտոնյան ու հավելեց, որ ողջ գաղափարախոսությունն այն է, որ պետությունը կրթության, օրենսդրական ու այլ նախաձեռնությունների միջոցով պետք է հասնի այն բանին, որ յուրաքանչյուր մարդ, կազմակերպություն գործի առողջ ապարելակերպի ոգով: Սա էլ կնպաստի հանրային առողջապահության ոլորտում ցուցանիշների բարելավմանը:
«Հանրային առողջապահության ոլորտում կատարված հետազոտությունները վկայում են, որ մի շարք էլեմենտներ բացակայում են մեր սննդից կամ դրանց քանակությունը բավականաչափ քիչ է, ինչի հետևանքով առաջանում են մի շարք հիվանդություններ: Օրինակ, մենք նախատեսում ենք ցորենի ալյուրը հարստացնել մի շարք միկրոտարրերով ու վիտամիներով` մասնավորապես ցինկով ու ֆոլաթթվով ինչի արդյունքում կանխատեսում ենք մի շարք հիվանդությունների ցուցանիշների նվազում»,-ասաց Քրմոյանը, հիշեցնելով, որ աղի յոդացման օրինակը բավականին հաջողված է:
Մանրամասները` տեսանյութում: