Վերելակների վատ աշխատելու պատճառը ցածր ջերմաստիճանն է
Բնակելի շենքերի վերելակները Երևանում ցածր ջերմաստիճանի պատճառով սկսել են վատ աշխատել: Մի քանի անգամ հարկի կոճակը սեղմելուց հետո միայն վերելակը դժվարությամբ շարժվում է տեղից, շարժվելուց հետո էլ ճոճվում է ու ճռռոցներ են լսվում:
Իրականում շենքերի վերելակները նախատեսված են մինիմում +5 ջերմաստիճանային պայմաններում աշխատելու համար, իսկ վերջին օրերին մայրաքաղաքում միջինում -15 աստիճան է:
Ինչպես Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Դավիթ Աղաջանյանը, արտադրող գործարանը տալիս է վերելակների անձնագիր, որում նշվում է, որ վերելակը պետք է աշխատի մինիմում +5 և մաքսիմում +40 աստիճանի դեպքում:
«Այդ աստիճանը հիմա չի ապահովվում, ի՞նչ +5-ի մասին է խոսքը, հիմա մինուս է: Շարժիչը, յուղը, կանչի կոճակները, կոնտակտները, մալուխներն են սառում: Այսօրվա վիճակը պահանջներին չի համապատասխանում: Միգուցե անվտանգ էլ չէ»,- ասաց նա:
Դավիթ Աղաջանյանը նշեց, որ այս պայմաններում նյութածախսն էլ է շատ մեծ լինում. «Պետք է տաքացվի, բաց այդ ամբողջ տարածքն էլ բաց է, ապակիները` կոտրված: Մեքենայական սրահները ցելոֆաններով փակում են և էլեկտրական ջեռուցիչով տաքացնում»:
Կենտրոնում մարդկանց, ցածր ջերմաստիճանի պատճառով, վերելակում մնալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել, իսկ անվտանգության նկատառումներից ելնելով որևէ միջոցառում, թեկուզ իրազեկման, դեռ չի իրականացվել: Սակայն միևնույն ժամանակ նշենք, որ, Դավիթ Աղաջանյանի խոսքով, ամեն տարի ձմռանը լրացուցիչ ուշադրություն են հատկացնում վերելակներին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում