Նախարար. Սիրիահայերի օգնությունն ամբողջությամբ ցուցաբերվեց
Հայաստանի Հանրապետության կողմից սիրիահայերին օգնությունն ամբողջությամբ ցուցաբերվեց, կարծում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Հանրապետության Նախագահը քաղաքական կամք դրսևորեց և նրանց բոլոր հարցերը` կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական, լուծվել են և լուծվում են: Աշխատանքի տեղավորման հարցերում նույնպես օգտակար ենք լինում և փորձում ենք, այնպես անել, որ յուրաքանչյուրն աշխատանք ունենա»,- Panorama.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը կարևորեց, որ սիրիահայերին կրթական, առողջապահական, անձնագրային ծառայությունները մատուցվում են անվճար:
Նա նշեց, որ հատուկ ուշադրություն են հատկացնում նաև տան խնդրին, որ մարդիկ գլխավերևում ծածկ ունենան: «Բոլորը վարձով ապրում են, պայմաններն այնպիսին չեն, որ նրանք փողոցում են: Սակայն ուզում ենք, որ կենտրոնացված, մեկ թաղամասում կարողանան ապրել: Նախագահը հանձնարարեց, որ Նոր Հալեպ թաղամասի ծրագիրն իրականացվի, այն պետք է իրականություն դառնա»,- ասաց նախարարը:
Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ շուրջ 15 հազար մարդ է եկել այս ընթացքում, Հայաստանում մնացել են 12 հազարը. «Մյուս մասը շարժման մեջ է: Գնում են Սիրիա, Լիբանան, վերադառնում են»:
Նշենք նաև, որ իրականացվել են մի շարք քայլեր ուղղված Հայաստանում սիրիահայերի ինտեգրմանը, օրինակ՝ դասընթացների կազմակերպում, սիրիահայ երեխաների համար նախատեսված դպրոցների բացում, սիրիահայերի ընդունելություններ, տարբեր ոլորտներում խորհրդատվությունների կազմակերպում, տնտեսական գործունեության համար նպաստավոր պայմանների ձևավորում և այլն:
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սիրիահայերը Հայաստան նոր մշակույթ են բերել, բարեխիղճ և լավ աշխատողներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան