ԼՂՀ Ազգային ժողովն ընդունեց 2014թ. պետական բյուջեն
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի վերջին հերթական լիագումար նիստը։ Նիստը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ներկա են եղել կառավարության անդամները` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Նշելով, որ օրակարգի առանցքում «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը և բյուջետային փաթեթի մյուս օրինագծերն են, ԱԺ նախագահը հաղորդեց, որ նախորդ նիստում բյուջետային փաթեթի քննարկումներն ընդմիջվելուց հետո սահմանված ժամկետում կառավարություն են ուղարկվել լրացուցիչ առաջարկություններ, որոնց առնչությամբ, նույնպես սահմանված ժամկետում, ստացվել են գործադիր իշխանության պատասխանները։
Ներկայացնելով «Արցախատուն» պատգամավորական խմբի դիրքորոշումը, խմբի ղեկավար Գարիկ Գրիգորյանը հաղորդեց, որ խումբը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանզի համոզված է, որ «բյուջեի կատարման բոլոր հիմքերը կան և այն ընդունելու պարագայում կկարողանանք բավականին վստահ և արդյունավետ աշխատել 2014 թվականին՝ ի բարօրություն մեր երկրի, մեր տնտեսության»։
«Դաշնակցություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու 2014թ. պետական բյուջեի նախագծին։ Հայտարարելով այդ մասին, խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում հատկացված ֆինանսական միջոցներն առավել նպատակային կուղղվեն ԼՂՀ ճանաչման գործընթացի աշխուժացմանը, տալով նրան համահայկական բնույթ։
2014թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագծի մասին «Ժողովրդավարություն» խմբակցության տեսակետն այն է, նշեց խմբակցության քարտուղար Վարդգես Բաղրյանը, որ երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը նախորդ տարիների բյուջեների տրամաբանական շարունակությունն է։ Պահպանելով կառավարության գործունեության համար քաղաքական պատասխանատվության իր հանձնառությունը, հայտարարեց պատգամավորը, «Ժողովրդավարություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու 2014թ. պետական բյուջեի նախագծին։
«Հայրենիք» խմբակցությունը 2014թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը համարում է կանխատեսելի, կայուն և իրատեսական։ Նշելով այդ մասին, պատգամավոր Ռոմելա Դադայանը հայտնեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհրդի արտահերթ նիստը խմբակցությանը լիազորել է միաձայն պաշտպանել բյուջեի նախագիծը։
Նախքան բյուջեի նախագծի նկատմամբ իր վերջնական դիրքորոշումն արտահայտելը՝ խորհրդարանը, ձայների մեծամասնությամբ, վերջնական օրենքների տեսքով ընդունեց բյուջեն ուղեկցող և առաջին ընթերցմամբ ընդունված «մայր» օրենքները։
Այնուհետև տեղի ունեցավ «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը։ Արդյունքում՝ խորհրդարանն ընդունեց օրենքը՝ ձայների 31 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա