Բակո Սահակյան. Մեր բանակը հանդիսանում է համայն հայության հպարտությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Պաշտպանության բանակի միավորումների և զորամասերի հրամանատարներին և 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին արժեքավոր նվերների հանձնման հանդիսավոր միջոցառմանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր բանակը հանդիսանում է համայն հայության հպարտությունը, քանի որ նա պաշտպանում է ոչ միայն Արցախի սահմանները, այլև ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագան:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը, սպառազինության արդիականացումն այսուհետ էլ լինելու է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:
Բակո Սահակյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել անփորձանք ծառայություն, ուժ ու կորով, առողջություն և ամենայն բարիք:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: