Ուորլիքի հայտարարությունը Բաքվում «ծանր են տանում»
Ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովը, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե առաջին դեպքը չէ, երբ արևմտյան դիվանագետները և հատկապես նրանք, ովքեր ամերիկյան վերնախավից են, Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են որպես բանակցային պրոցեսի կողմ»:
Նման հայտարարության հնչեցնելու առիթը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցն էր, որում Ջ. Ուորլիքը մասնավորապես նշում է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորումը «Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար շատ կարևոր է»:
Ամերիկացի համանախագահն իհարկե լավ գիտի, որ Արցախում ևս հայեր են ապրում, սակայն նրա` նույն հարցազրույցում մի քանի անգամ ընդգծած «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումն Ադրբեջանում մեծ անհանգստություն է բարձրացրել, քանզի Ադրբեջանում եկել են այն եզրահանգման, որ դրանով համանախագահը փորձել է ընդգծել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը: Նույն հարցազրույցում, ի դեպ, ադրբեջանցի քաղաքագետը խոստովանել է, որ Ջ. Ուորլիքի հարցազրույցում, ամենամտահոգիչը Լեռնային Ղարաբաղին որպես առանձին սուբյեկտ ներկայացնելու հանգամանքն է:
Ի դեպ, Թոֆիք Աբբասով ադրբեջանական «իշխանական արքունիքին» մոտ կանգնած քաղաքագետ է, ով ժամանակին ծառայություններ է մատուցել նաև հայր Ալիևին` վերջինիս նախագահության օրոք զբաղեցնելով մամուլի քարտուղարի պաշտոնը:
Ադրբեջանցի քաղաքագետի համար ոչ պակաս մտահոգիչ էր նաև այն հանգամանքը, որ համանախագահները բացեիբաց խոսում են Ղարաբաղի` բանակցային սեղան վերադառնալու մասին ու չնայած վերջինս այդ հարցում ևս մեղադրանքներ է հնչեցնում ամերիկացի համանախագահի հասցեին, սակայն այդ մասին Ստեփանակերտում հայտարարել էր ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Վերջինս նշել էր, որ «որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց»:
Միաժամանակ Աբբասովի ցավով արձանագրել է այն ջանքերը, որ ամերիկյան կողմը գործադրում է «ԼՂ հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն առանձնացնելու համար»:
Ամփոփելով հարցազրույցը, վերջինս նշել է, թե ամերիկյան կողմը «ցանկանում է պարտադրել Ադրբեջանին` համակերպվելու իր համար ոչ շահավետ պայմանների հետ»:
Ադրբեջանի նախագահը, տարբեր հարթակներում փորձում է ցույց տալ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը հանդես է գալիս ուժեղ դիրքերից` փորձելով ընդգծել իր ինքնավստահությունը, իսկ քաղաքական վերնախավում եղած անհանգստությունն ու մտահոգությունները փորձում է արտահայտել իշխանության վերնախավի ազդեցության տակ գտնվող քաղաքագետների միջոցով:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան