Независимая газета. ԼՂ-ում պատերազմի վերսկսման դեպքում հայկական ուժերի պատրաստվածության աստիճանն ավելի բարձր կլինի
«Փորձագետների մեծ մասը կարծում է, որ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունները, ռազմական գործողությունների վերսկսվելու դեպքում հայկական կողմն ունի առավելություն: Այն պետք է պաշտպանվի նախահարձակ կողմի համար բարդ ռելիեֆային պայմաններում: Փորձագետները նաև նշում են հայկական կողմի բարձր պատրաստվածությունը»,- ասվում է Յուրի Ռոկսի` ռուսական «Независимая газета»-ի կայքում տեղադրված հոդվածում:
Այնուամենայնիվ, ըստ հեղինակի, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ շատ բարդ է: Շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումներ գրանցվել: Հռետորիկան նախագահների հանդիպումից հետո թվում է, թե փափկել է, սակայն թշնամանքը դեռ առկա է: Հասարակությունների տրամադրվածությունը միմյանց հանդեպ բոլորովին բարեկամական չէ:
Ինչպես ասվում է հոդվածում, շատ փորձագետներ կարծում են, որ զինված գործողությունների վերսկսման հավանականությունը «չափազանց բարձր է»: Պատճառը Հայաստանում և Ադրբեջանում զենքի կուտակումն է: Ըստ նրանց` «ուժերը քիչ թե շատ հավասար են, սակայն եթե հաշվի առնենք զինված գործողությունների առանձնահատկությունները, հայկական կողմն ունի առավելություն»:
Հեղինակը նշում է, որ փորձագետները հղում են կատարում Wikileaks-ի կողմից հրապարակված «Stratfor» ամերիկյան հետախուզական-վերլուծական կենտրոնի Եվրասիայի հարցերով ավագ վերլուծաբան Լորեն Գուդրիչի գաղտնի նամակագրությանը. «Ղարաբաղի հայերը աներևակայելի կատաղի զինվորներ են, թերևս լավագույնը տարածաշրջանում... Ադրբեջանցիները գիտեն այս մասին: Ադրբեջանցիները պատրաստ չեն պատերազմել այնպես, ինչպես ռուսները չեչենների դեմ»:
Սակայն, աղբյուրը նշել է, թե Լեռնային Ղարաբաղում իրենց կարծիքն ունեն այս հարցի վերաբերյալ: «ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ասել է .«Մենք ջանք չենք խնայում, որպեսզի կանխենք նոր պատերազմը: Մենք ունենք բոլոր համապատասխան միջոցները»: Նախարարը կարծում է, որ պատերազմում ոչ թե զենքն է առանցքային դեր խաղում, այլ բարոյական արժեքները: Սակայն չի բացառում, որ «հանրապետությունը կարող է այնքան զենք ձեռք բերել, ինչքան որ անհրաժեշտ է խնդիրը լուծելու համար»: Նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղը ապավինում է բացառապես իր սեփական ուժերին»,- ամփոփում է հեղինակը: