Տեր Վահրամ քահանա Մելիքյան. Անբարենպաստ սոցիալական կացության պայմաններում է, որ Հայաստանը դարձավ բազմաթիվ աղանդների թիրախ
Անցնող տարում Հայ առաքելական եկեղեցու ձեռքբերումների, թերացումների, եկեղեցու առաջ ծառացած մարտահրավերների, անելիքների մասին Panorama.am-ը ներկայացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի պատասխանները:
- Անցնող տարում Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ խնդիրների ու մարտահրավերների առաջ կանգնեց, ինչպե՞ս կարողացավ լուծել դրանք:
-Եկեղեցին անցնող 2013 տարում շարունակեց իր նվիրական հոգեխնամ առաքելությունը իր ժողովրդի կյանքում` ամրապնդելու հավատարմությունն ազգային-հոգևոր արժեքների նկատմամբ, սփյուռքի պարագային` նաև հայապահպանության սրբազան իր պարտականության իրագործումով: Արդի ժամանակների բերած բազմաբնույթ մարտահրավերներն անշուշտ նոր խնդիրների առջև են կանգնեցրել մեր ժողովրդին և եկեղեցուն: Այդ վտագները նույնական են թե ժողովրդի և թե եկեղեցու համար, քանզի նպատակաուղղված են բարոյական արժեհամակարգի քայքայմանը, այլասերության տարածմանը, ազգային ոգու և գիտակցության տկարացմանը, ապազգային գաղափարների սերմանմանը: Այսօր ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում նաև մեր կյանքի վրա: Այս տեսանկյունից եկեղեցին կոչում և առաքելություն ունի` որպես մեր ժողովրդի կյանքում բարոյական արժեհամակարգի պահպանման նախանձախնդիր: Եկեղեցու առաջնային խնդիրն հոգևոր-ազգային արժեքների ամրապնդումն է հասարակության մեջ: Եկեղեցին համակողմանի ծառայություն է իրականացնում գրեթե բոլոր բնագավառներում և ուրախությամբ կարող ենք փաստել, որ Եկեղեցու զորացմանը զուգահեռ հոգևոր կյանքը նույնպես վերելք է ապրում մեր հավատավոր զավակների մեջ: Այս ամենը տևական գործընթաց է:
- Որո՞նք են Հայ առաքելական եկեղեցու 5 կարևոր ձեռքբերումներն ու բացթողումները 2013-ի ընթացքում:
- Անկախության պայմաններում վերջին տասը տարիները Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և առհասարակ հայ ժողովրդի կյանքում կարելի է բնորոշել հոգևոր կյանքի վերազարթոնքի շրջան: Անցնող 2013 թ. նույնպես շարունակվեց ձեռքբերումների ընթացքը, որոնցից կարելի է առանձնացնել եկեղեցաշինությունը. մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը եկան նպաստելու բազում եկեղեցիներ ու մատուռներ Հայրենիքում և Սփյուռքում, ինչպես օրինակ` Մոսկվայի Ս. Պայծառկերպություն նորակառույց եկեղեցին, վերանորոգված Հաղարծնի վանական փառավոր համալիրը, Եկատերինբուրգի Ս. Հովհաննես Կարապետ և Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները: Հայ Եկեղեցու կյանքում 2013թ-ը նշանավորվեց բազմադարյա ընդմիջումից հետո Մայր Աթոռում Ընդհանուր Եպիսկոպոսաց ժողովի գումարումով: Մայր Աթոռում բացվեց Ռուբեն Սևակի անվան թանգարանը, Երևանում վերաբացվեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական հաստատությունը և Ս. Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը: Ունեցանք բազում շրջանավարտներ, որոնք հոգևոր սպասավորության կոչվեցին տարբեր թեմերում: Շարունակեցին գործել սոցիալական-կրթական ծրագրերը: Իրականում ձեռքբերումները շատ են և յուրաքանչյուրն էլ առիթ գոհություն հայտնելու Աստծուն` Եկեղեցու և ժողովրդի նկատմամբ ցուցաբերվող խնամքի և ողորմության համար:
Բացթողումներ հսկայածավալ այս առաքելության իրագործման ճանապարհին, այո, կարող են լինել, և Եկեղեցին անում է ամենը` սրբագրելու դրանք: Նշեմ միայն, որ հավատավոր մեր ժողովրդի անվերապահ վստահությունը և զորակցությունը միշտ էլ ուժ և ավյուն են հաղորդում Եկեղեցուն և եկեղեցականին իր առաքելության մեջ:
- Անցնող տարում մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին եկեղեցու մի քանի թեմերում առաջացած անախորժությունները` Կանադա, Ֆրանսիա, Այրարատյան…Ներքին տարաձայնություններ պոռթկո՞ւմ էին դրանք, թե՞ …
-Այս ամենին բազմիցս անդրադարձ կատարվել է թե պաշտոնական պարզաբանումներով, թե անհատ եկեղեցականների կողմից: Չցանկանալով վերստին մանրամասնել ամենը` նշեմ, որ Եկեղեցին իրականում վեր է այդ ամենից, նաև մարդկային հարաբերություններից ու աշխարհիկ ընկալումներից և գիտակից է իր առաքելությանը, որի արդյունավոր իրագործմանն ուղղված են իր բոլոր քայլերը: Այսօր Եկեղեցին իր ներքին վարչակազմակերպչական կյանքի կարգավորման փուլի մեջ է, ինչը օրինակ` թեմերի պարագային ենթադրում է թեմական ուղենիշային կանոնադրության որդեգրում բոլոր թեմերի կողմից, տարբեր կառույցներ` ծուխերից մինչև Մայր Աթոռում գործող խորհուրդներ և հանձնախմբեր օժտվում են Եկեղեցու ավանդությունից և կանոնական կյանքից բխող հատուկ կանոնակարգերով, որով Եկեղեցին շատ առումներով կդառնա շատ ավելի անխոցելի: Բնական է այս գործընթացի մեջ կարող են լինել դժվարություններ, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, անում է ամենը, որպեսզի ի շահ ժողովրդի և Եկեղեցու կատարվող բարեփոխումները պարզաբանվեն, լավագույնս ընկալվեն և ապա որդեգրվեն:
-Տարեցատարի ավելանում են աղանդների տեսակները, չկա հստակ վիճակագրություն, թե քանի մարդ է նման կազմակերպությունների անդամակցում, բայց միտումների վերաբերյալ մտահոգություններ կան: Ի՞նչ է անում եկեղեցին այս ուղղությամբ, այդ ընթացքում նույն տեմպերով ավելանո՞ւմ է եկեղեցու հավատավորների թիվը:
-Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո հոգևոր կյանքը մեր հասարակության մեջ թևակոխեց նոր` վերազարթոնքի ու ծաղկման շրջան: Այս բարենպաստ պայմաններում Եկեղեցին կարողացավ վերագտնել իր առաքելությունը հարազատ ժողովրդի կյանքում` ամենուր հնչեցնելով ու տարածելով մեր հայրերի դավանած ազգային-հոգևոր արժեքները: Սակայն, խորհրդային եկեղեցահալած ժամանակները, երբ բռնադատվում էր հավատքը, ինչպես նաև դրան հաջորդած սոցիալ տնտեսական ծանր պայմաններն իրենց բացասական կնիքը թողեցին մեր ժողովրդի կյանքում: Անթաքույց է, որ խորհրդային շրջանում բացահայտ հակաեկեղեցական տրամադրությունների, այնուհետև բնական աղետի, տնտեսության և կյանքի մակարդակի անկման, բնակչության բարոյահոգեբանական վիճակի, ինչպես նաև անբարենպաստ սոցիալական կացության պայմաններում է, որ Հայաստանը դարձավ բազմաթիվ աղանդների թիրախ: Ծանր պայմանները` որպես ամենահարմար առիթ նկատելն արդեն իսկ բացահայտում է այդ հոսանքների սքողված նպատակաուղղվածությունը:
Այսօր համաշխարհայնացման գործընթացները, գերհզոր աշխարհի ժամանակակից քաղաքական միտումները` մարդուն վերածելու տնտեսական էակի, ինչպես նաև գերիշխանության ձգտումները պարարտ հող են ստեղծում ամբողջ աշխարհում նման երևույթների տարածման համար: Հարյուրավոր աղանդավորական հոսանքներ, լինելով արդի կյանքի ամենաարագ տարածվող ու ամենավտանգավոր երևույթները, իրենց հատուկ ներազդման միջոցների կիրառությամբ և պառակտիչ գործունեությամբ մեծ անհանգստություն են բերել աշխարհին:
Եվ այս վտանգների առջև կանգնած է նաև մեր ժողովուրդը: Անշուշտ այս մարտահրավերները Հայ Առաքելական եկեղեցու առաքելության շրջագծից դուրս չեն կարող լինել: Նման վտանգները հաղթահարելու համար եկեղեցին ընտրել է միակ ճշմարիտ ճանապարհը` զորացնել ու անսասան դարձնել հավատքը հասարակության գիտակցության մեջ, տարածել մեր հարուստ ազգային-հոգևոր արժեքները և սնել նրան այն նույն ակունքից, որտեղից սնվել է մեր փոքր ժողովուրդը դարերի փորձությունների բովում:
Այսօր մեր քաղաքացին պետք է լուսավորյալ հավատ ունենա, գիտակից լինի մեր Եկեղեցու վարդապետությանն ու պատգամին, ինչն արդեն իսկ իրեն համար վահան կդառնա բոլոր նման տեսակի հարձակումների դեմ և հնարավորություն կատարելու իր ճշմարիտ ընտրությունը: Կարևոր ու ազդապահպան այս առաքելության հստակ գիտակցումով Եկեղեցին ակտիվորեն ներգրավված է հասարակության կյանքի բոլոր բնագավառներում և մասնավորապես կրթական հաստատություններում ու հայոց բանակում, որոնցով պայմանավորված է մեր վաղվա օրը: Եվ Եկեղեցու այս ընթացքը գնալով ավելի զորեղ է դառնում, հոգևոր-կրթական հաստատությունները Եկեղեցին համալրում են նոր հոգևորականներով, ովքեր իրենց առաքելության բարձր գիտակցությամբ գալիս են` իրենց նվիրյալ սպասավորությունը բերելու Մայր եկեղեցուն ու ժողովրդին:
- Հատկապես վերջին մեկ տարում միասեռականության մասին սկսեցին շատ խոսել, լրատվամիջոցներում հաճախ ենք հանդիպում հարցազրույցներ նման մարդկանց հետ: Ի՞նչպես եք գնահատում երևույթը, ի՞նչ է խորհուրդ տալիս եկեղեցին, որո՞նք են դրա պատճառները:
-Բնականաբար, այս խնդիրը մեր օրերում շատ մտահոգիչ է: Այս առնչությամբ անցնող տարվա ընթացքին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնին կից գործող Միջեկեղեցական-աստվածաբանական խորհուրդը հանդես եկել է հայտարարությամբ և ներկայացրել Եկեղեցու մերժողական տեսակետը:
-2014-ին որո՞նք են լինելու Եկեղեցու հիմնական անելիքները:
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաքելությունն ու անելիքները հիմնադրումից ի վեր նույնն են` խնամել, հոգատարել Տիրոջ կողմից իրեն հանձնված հոտին և առաջնորդել դեպի փրկություն: Այս պատասխանատվության գիտակցությամբ ձեռնարկվում և իրագործվում են Եկեղեցու կողմից բոլոր հոգևոր-կրթական, սոցիալական, քարոզչական բազմաբնույթ ծրագրերը: Եվ 2014 թվականն այդ իմաստով բացառություն չէ: Անշուշտ, հարկ է նշել, որ մեծ աշխատանք պիտի տարվի առաջիկա տարում Եպիսկոպոսաց հերթական ժողովի գումարման համար, որի ընթացքում հիմնականում քննարկվելու են Հայոց Եկեղեցու Սրբադասման կարգի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները և Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման կերպը: Շատ անելիք կա նաև ընդառաջ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-Ձեր ամանորյա մաղթանքը` հայ հասարակությանը:
-Ամանորի և Սբ. Ծննդյան բերկրառատ տոները մեզ համար նվիրական պահեր են ստեղծում` անկեղծ, մաքուր և աստվածակիր ելևէջներով ողողված, քանի որ Ամանորյա նորամուտի ու նորոգման հույզերին խառնվում է մանուկ Հիսուսի փրկարար Ս. Ծնունդը, որով ազդարարվում է հոգևոր նորոգության և նորամուտի կարիքը մարդկանց կյանքում և աշխարհում: Թող նոր` 2014 թ. լինի հայ հասարակության համար խաղաղության ու համերաշխության տարի: Լինենք հաշտ Աստծո և Նրա լուսավոր պատվիրանների ու պատգամների հետ, որովհետև քրիստոնյա անհատի կամ հասարակության կյանքում մարդ-մարդ հարաբերությունները պայմանավորված են ոչ թե սոցիալ-տնտեսական պայմաններով, նյութական բարեկեցությամբ կամ էլ անձնական մղումներով և ընկալումներով, այլ հատկապես և միմիայն մարդ-Աստված հարաբերությամբ, որից հենց բխում է այդ անհատի ու հասարակության արժեքային համակարգը և կենսակերպը: Ուրեմն երբեք չերկնչենք, չվհատվենք, չխուսափենք պատասխանատվությունից, ընդհակառակը` հանձնառության ոգով ու սիրով լինենք արժանի զավակները մեր Հայրենիքի և Մայր Եկեղեցու:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում