«ՊԲ-ն կանխարգելիչ պատասխան է հասցնում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Panorama.am-ի հետ զրույցում, ԼՂՀ ՊԲ Լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները, առավել ևս, որ բանակի հրամանատարը, որպես բարի կամքի դրսևորում, հատուկ հրաման էր տվել, հնարավորինս չարձագանքել հակառակորդի ակտիվությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին, տարածաշրջան կատարած այցի շրջանակներում, համանախագահները կոչ էին արել կողմերին` զերծ մնալ այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք լրացուցիչ լարվածություն կմտցնեի բանակցային պրոցեսում:
Ս. Հասրաթյանը նշեց, որ վերջին շրջանում հակառակորդի ակտիվությունից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը փորձում է օգտվել հայկական կողմի բարյացկամությունից ու առաջնագծում առավել ակտիվ է:
Նա ընդգծեց, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն առավելագույնս զերծ են մնում հակառակորդի գործողություններին արձագանքելուց ու կանխարգելիչ պատասխան են հասցնում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՊԲ մամուլի ծառայության ղեկավարը հավելեց, որ ղարաբաղյան կողմը, որևէ առնչություն չունի ադրբեջանցի զինծառայողի մահվան միջադեպի հետ: