Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորների կանայք պահանջում են վերացնել տեսակցությունների արգելանքը
Նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների կանայք պահանջում են վերացնել նրանց հետ տեսակցությունների արգելանքը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նրանք: Այդ դեպքի կապակցությամբ 13 անձ կալանավորվել էր:
«Մեր պահանջը քաղաքական ենթատեքստ չունի և զուտ հումանիստական ենթատեքստ ունի», -հավելեց Շանթ Հարությունյանի կինը` Ռուզան Բադալյանը:
Տեսակցությունների արգելքը վերացնելու մասին Հարությունյանի խնդրանքը մերժվել է, և Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից հացադուլ է հայտարարել: Մինչդեռ տիկին Բադալյանը նկատեց, որ Շանթ Հարությունյանն առողջական խնդիրներ ունի և սոված վիճակում դեղեր է ընդունում: «Դժվարանում ենք հասկանալ` ինչն է խնդիրը, ինչու են արգելում տեսակցությունները: Կոնկրետ մարտի 1-ի գործով, երբ բարդ իրավիճակ էր, կային 10 զոհեր, կալանավորվածները կարողանում էին տեսակցել հարազատների հետ»,- հայտարարեց Շանթ Հարությունյանի կինը:
Հայ կանանց ճակատ նախաձեռնության ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանն ասաց, որ «հանցավոր ռեժիմի վերաբերմունքը սեփական քաղաքացիների հանդեպ անընդունելի է»: «Նման վերաբերմունքն ավելի է խթանում արտագաղթը և դրդում ծայրահեղ քայլերի: Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ նրանք գիտակցեն, որ վաղուց ժամանակն է զենքերը վայր դնեն ու կատարեն ժողովրդի պահանջը», -հայտարարեց Սյուզան Սիմոնյանը:
Հիշեցնենք` Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»: Ինչպես հետո հայտարարել էր փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանին ծեծելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան