Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Շարուրի 28/2 շենքի վերելակի վրա փակցված գրությունն այն մասին, որ շահագործման ենթակա չէ, որևէ կերպ չի զգաստացնում բնակիչներին: Մարդիկ անտեսելով գրությունը, օգտվում են վերելակից, որի ամեն անգամ բարձրանալ-իջնելը սպառնում է մարդկանց կյանքին:
Շարուրի փողոցի 8 բազմահարկ շենքերի վերելակների թվում սա միակ գրությունը չէ, 9-10 հարկանի շինությունների վերելակները ճանաչվել են վտանգավոր, իսկ 70 տոկոսը համարվում է պլոմբման ենթակա:
Panorama.am-ին Շարուրի 28/2 շենքի բնակիչներից մեկը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է մոտ մեկ ամիս առաջ: Շարուրի 24 հասցեի շենքերից մեկում մի աղջիկ դուրս է եկել վերելակից և այն անմիջապես ընկել է: Աղջկա բախտը վայրկյանների տարբերությամբ բերել է: Այս դեպքից հետո էլ շենքերի վերելակներին հայտնվել են գրությունները:
Մի քանի օր առաջ, սակայն, վերելակների վրայի գրություններն անհետացել են: «Մենք կասկածում ենք, որ հնարավոր է` այդ թղթերը պատռած լինեն վերելակի փող հավաքողները»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Դավիթ Աղաջանյանը հայտնեց, որ Շարուրի 28/2 շենքի վերելակը փորձաքննությունից հետո ստացել է բացասական եզրակացություն: «Փակցրել ենք գրություն, որ վերելակից օգտվելը վտանգավոր է: Համատիրության ղեկավարը կամ պատասխանատուն պետք է անջատի, հոսանքազրկի վերելակը, որ մարդիկ չօգտվեն, մինչև չվերացվի այդ բացասական եզրակացությունը»,- ասաց նա:
Դավիթ Աղաջանյանը նշեց, որ եթե վերելակներից այս պահին մարդիկ օգտվում են, մեղավորը շահագործողն է, համատիրության ղեկավարը պետք է ինչ-որ կերպ թույլ չտա շահագործումը:
Կարդացեք նաև`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին