Ուժի մեջ է մտել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը
2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտավ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը, որը մաս է կազմում նոր` բազմաստիճան կենսաթոշակային համակարգին:
Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող` 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները յուրաքանչյուր ամիս իրենց կենսաթոշակային հաշվի վրա կատարելով 5% պարտադիր կուտակում` կենսաթոշակային տարիքում կստանան պարտադիր կուտակային կենսաթոշակ: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների կուտակումներին ևս 5% կավելացվի պետության կողմից: Ըստ օրենքի, պարտադիր կուտակման չափը պետք է կազմի 10%:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններին արդեն տրամադրվել են ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն:
Այս պահի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են հանդիսանում` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:
Ըստ Կենտրոնական բանկի` հաշվի օպերատորները և նրա աշխատակիցներն իրավունք չունեն գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել մասնակցին ընտրելու կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:
Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում և դժվարանում է ընտրել ֆոնդի կառավարիչ, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է դեռևս 2010թ-ին, սակայն գործում էր կամավոր սկզբունքով: Ներկայումս էլ մինչև 1974թ. ծնված բոլոր անձինք կարող են կամավոր կերպով օգտվել համակարգից:
Նշենք, որ հանրության շրջանում պարտադիր բաղադրիչի նկատմամբ դժգոհության մեծ ալիք է բարձրացել: Արդյունքում ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» նախաձեռնությունը, որը կազմակերպել է մի շարք ակցիաներ` ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի:Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգույթուն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» արդեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան