Շտապօգնության կանչերի թիվը ավելացել է տոնական օրերին
Հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը, Երևանի Շտապօգնության ծառայությունը սպասարկել է 726 կանչ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 100-ով ավելի է: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, կանչերը հիմնականում կապված են սրտային հիվանդությունների, ճնշման տատանումների հետ:
Թ.Ստեփանյանի խոսքերով` նախորդ տարվա հետ համեմատած այս տարի կանչերի թիվը ավելացել են: Այսպիսով, ըստ նրա, հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում գրանցվել է 809 կանչ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 200-ով ավելի է, իսկ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցվել է 775 կանչ. 2013թ-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 655 կանչ:
Ինչ վերաբերում է ստամոքսի խանգարմանը, ինչպես նաև ալկոհոլային թունավորումներին, ապա տոնական օրերին նման դեպքեր չեն գրանցվել: «Նման դեպքեր չենք ունեցել: Այսինքն` նույն կանչերն են, ինչ ունեցել ենք մինչ այս»,- ասաց Թ.Ստեփանյանը: