Արցախի Քաշաթաղի շրջանում 2013-ին 102 նոր ընտանիք է վերաբնակեցվել
2013-ի ընթացքում Արցախի Քաշաթաղի շրջանում վերաբնակեցվել է 102 ընտանիք: Նախորդ տարիների համեմատ այս թիվը փոքր է, ինչը Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը պայմանավորում է առկա բնակարանային խնդիրներով: Նախորդ տարվա ընթացքում Քաշաթաղում ավելացել է սիրիահայ 7 ընտանիք:
«Ամեն տարի ծնունդները շատանում են, մեզ մոտ բազմազավակ ընտանիքներն ավելի շատ են, քան Հայաստանի և Արցախի մյուս հատվածներում: 1000 բնակչի հաշվարկով մեր ծնունդներն ամենաշատն են: 2014-ին սպասվում է, որ բավական շատ բնակարաններ կկառուցվեն և այդ բացը կլրացվի: Արդեն այս տարի սպասվում է, որ մոտ 200 ընտանիք կտեղափոխվի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփելով նախորդ տարվա վերաբնակեցման աշխատանքները, ասաց նա:
Անցած տարի շրջանը հիմնականում վերաբնակեցվել է մասնագետներով՝ ուսուցիչներ, բժիշկներ, անասնաբույժեր և այլն:
Նոր եկած ընտանիքները հիմնականում տեղավորվել են նախկինում եղած բնակարաններում, որոնք վերանորոգվել են: Որոշ բնակարաններ ղեկավարությունն է վերանորոգել, մի մասն էլ մարդիկ՝ տրամադրված շինանյութով:
Ռոբերտ Մաթևոսյանն ընդգծեց, որ դպրոցները հիմնականում մասնագետներով ապահովված են: Նույնը նաև հիվանդանոցներում: Կան երեք մեծ բուժմիավորումներ և բուժկետեր բոլոր համայնքներում:
«Այս պահի դրությամբ շրջանում գյուղատնտեսական նշանակության հող չկա, որ չմշակվի: Անասնագլխաքանակը կառավարության իրականացրած ծրագրի շնորհիվ գրեթե կրկնապատկվել է»,- ասաց նա:
Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետը 2013-ը վերաբնակեցման առումով գնահատում է բավարար. «Ավելին կարող էինք անել, բայց հույս ունենք, որ այս տարի կլրացնենք բացը»: