Չինաստանը խստացնում է հարկադրական աբորտների դեմ օրենսդրությունը
Չինաստանի իշխանությունները մտադիր են խստացնել պատիժը նրանց նկատմամբ, ովքեր կստիպեն կանանց աբորտ անել հղիության ուշ շրջանում` երկրում ծնելիության քաղաքականությունը պահպանելու համար: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Այդ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ գործող կանոնների պահպանման համար կնոջ նկատմամբ կոպիտ մեթոդների կիրառումը խստորեն արգելված է: Միաժամանակ պաշտոնյաները չեն ճշգրտում, թե մինչև հղիության որ ժամկետը կինը կարող է անարգել աբորտ անել: Իրավապաշտպանները հաճախ են նշում, որ չինացի կանանց ստիպում են արհեստականորեն ընդհատել հղիությունը ուշ շրջանում: Դեկտեմբերի վերջին չինական իշխանությունները որոշել էին մեղմացնել՝ մեկ ընտանիք մեկ երեխա քաղաքականությունը, որն իրականացվում է
70-ականների վերջերից՝ ծնելիությունը սահմանափակելու համար: Այժմ ընտանիքները կարող են երկու երեխա ունենալ այն դեպքում, եթե հայրն ու մայրը իրենց ընտանիքների միակ երեխան են եղել: