ՔԱԳՎ պետ. Ակնկալում ենք 2014-ին ունենալ ավելի շատ ու ավելի մատչելի սակագներով չվերթներ
Panorama.am-ը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հետ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին: 2013-ը քաղավիացիայի ոլորտի համար լի էր իրադարձություններով, իսկ 2014-ին ակնկալվում է նոր ավիաընկերությունների մուտք հայաստանյան շուկա, ինչպես նաև արդեն գործող ընկերությունների կողմից նոր ուղղություններով չվերթների իրականացում: Դրա արդյունքում, ըստ ՔԱԳՎ պետի, կլինեն մատչելի սակագներով չվերթներ:
-Պարոն Մովսեսյան, 2013-ի գրեթե ողջ ընթացքում քաղավիացիայի ոլորտն ուշադրության կենտրոնում էր: Ընդհանուր առմամբ, տարին ինչպիսի՞ն էր ոլորտի համար, ի՞նչ կարող ենք փաստել տարեվերջին:
- Իսկապես, 2013-ը քաղավիացիայի ոլորտի համար լի էր տարբեր՝ և դրական, և բացասական իրադարձություններով: Որպես բացասական երևույթ պետք է առանձնացնեմ հայկական փոխադրող «Արմավիա»-ի թռիչքների դադարեցումը, ինչը որոշակի լարվածություն ստեղծեց ավիափոխադրումների շուկայում: Սակայն հետագայում հնարավոր եղավ որոշակիորեն հարթել ստեղծված իրավիճակը և արդյունքում ունենալ նոր հայկական ավիափոխադրող: Իսկ որպես դրական պետք է առանձնացնեմ ՀՀ կառավարության կողմից բաց երկնքի քաղաքականության որդեգրումը և այդ ուղղությամբ արդեն իսկ սկսված գործողությունները: Անհրաժեշտ եմ համարում ավելացնել նաև «Զվարթնոց» օդանավակայանի նոր մաստեր պլանի հաստատումը՝ 2013-2017թթ. համար:
-Ազգային ավիափոխադրող համարվող «Արմավիան» իրեն սնանկ հայտարարեց ու դադարեցրեց թռիչքները: Ի՞նչ ազդեցություն ունեցավ դա Հայաստանի քաղավիացիայի ոլորտի համար:
-«Արմավիա» ավիաընկերությունը 2013-ի մարտից դադարեցրեց իր թռիչքները և դա, բանկանաբար, չէր կարող դրական ազդեցություն ունենալ ոլորտի վրա: Նախ և առաջ դա ազդեց ուղևորափոխադրումների շուկայի վրա, ստեղծեց ավելորդ լարվածություն և հանգեցրեց ավիատոմսերի գների որոշակի աճի: «Արմավիա»-ի թռիչքների դադարեցումը տնտեսական վատ ազդեցություն ունեցավ նաև բնագավառի այն ընկերությունների վրա, որոնք իրենց գործունեության ընթացքում համագործակցում էին այդ ավիաընկերության հետ: ՀՀ կառավարության, ի դեմս քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ձեռնարկած որոշակի քայլերի հաշվին հնարավոր եղավ խնդիրների մի մասը լուծել, մասնավորապես, իրականացվող չվերթների քանակի ավելացման և ավիատոմսերի սակագների առումով:
-Ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների քննարկման առումով ևս տարին հագեցած էր: Ոլորտի օրենսդրական կարգավորումն ի՞նչ վիճակում է, ինչ ունեինք երեկ, և ինչ ունենք այսօր:
-Ավիացիայի ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունները 2013 թվականի ընթացքում եղել են երեքը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանն են ներկայացվել՝ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող`մաքսատուրքի 0 տոկոսդրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկըհաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չիհաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելումասին», «Ավիացիայի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելումասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնց նպատակն է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների ստանդարտների ներդրումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերությունների գործունեության խթանումը: Հարկ եմ համարում նշել, որ բացի օրենսդրական նախաձեռնություններից ընդունվել են նաև մի շարք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ, որոնցից կարելի է առանձնացնել 2013 թվականի հունիսի 6-ի թիվ 22 արձանագրային որոշմամբ հաստատված «ՀայաստանիՀանրապետության օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը» և 2013թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ ևկայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ծրագրիիրականացման միջոցառումները հաստատելու մասին»թիվ 1248-Ա որոշումը: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականից միացել է Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին 1944 թվականի Չիկագոյում ստորագրված կոնվենցիային և հանդիսանում է Միջազգային Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ու Եվրոպայի Քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի անդամ, ուստի ոլորտը կարգավորող բոլոր օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերը բխում են վերը նշված կազմակերպությունների կողմից սահմանված ստանդարտներից և պարբերաբար լրամշակվում են:
-Բաց երկնքի քաղաքականությունն անցած մի մի քանի ամսվա ընթացքում ի՞նչ արդյունքներ է տվել, ի՞նչ սպասելիքներ կան:
-Ներկա փուլում բաց երկնքի քաղաքականության անցման մի քանի ամիսների ընթացքում ակնհայտ փոփոխություններ տեսանելի չեն, քանի որ գործընթացը ենթադրում է ժամանակատար և շարունակական աշխատանք՝ կապված գործող միջազգային պայմանագրերում համապատասխան փոփոխությունների կատարման հետ, որը ենթադրում է բանակցություններ այլ երկրների ավիացիոն իշխանությունների հետ: Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա բաց երկնքի քաղաքականություն ներդրած երկրների փորձը ցույց է տալիս, որ դրա գործածմամբ ակնկալվում է նոր ավիաընկերությունների մուտքը շուկա, ինչով պայմանավորված աճում է ուղևորափոխադրումների ծավալը, իսկ առավել մրցակցային դաշտի պայմաններում նվազում են ավիատոմսերի գները:
-2013-ին քանի՞ նոր ավիաընկերություն մուտք գործեց հայաստանյան շուկա, որո՞նք էին:
-2013-ին հայաստանյան ավիացիոն շուկա մուտք գործեցին հետևյալ ավիաընկերությունները՝Ուկրաինական միջազգային ավիուղիներ, Էյր Օնիքս, Դնեպրոավիա, Միդլ իսթ Էյրլայնզ, Արկիա ԻսրայելԷյրլայնզ, Էյր Արաբիա, Մոսկովիա, Իռ Աէրո, Յուտէյր Ուկրաինա: Իսկ կանոնավոր չվերթներ իրականացնող գործող ավիաընկերություններն էլ ավելացրել են նոր երթուղիներ:
-Առաջիկա տարում ի՞նչ նոր ընկերությունների մուտք է նախատեսվում, ի՞նչ նոր ուղղություններով են չվերթների ավելացումներ նախատեսվում:
- Առաջիկայում «Սիբիր» ավիաընկերությունն ավելացնելու է չվերթների հաճախականությունը՝ 2014 թվականից օրական հասցնելով 6 թռիչքի՝ ներկայիս 4-ի փոխարեն /դեպի Մոսկվա/: Իր թռիչքներիքանակը նախատեսում է ավելացնել նաև «Էյր Ֆրանս» ավիաընկերությունը, որը, համաձայն իր հայտարարության, ձգտելու է հասցնել ամենօրյա թռիչքների: ԱՄԷ ազգային «Իթիհադ» ավիաընկերությունը նախատեսում է 2014 թվականի հուլիսից իրականացնել կանոնավոր չվերթներ Աբու-Դաբի-Երևան-Աբու-Դաբի երթուղով՝ շաբաթական 4 չվերթ: Ի դեպ, այս ավիաընկերության միջոցով կիրականացվեն նաև տարանցիկ չվերթներ՝ ընդ որում՝ ԱՄՆ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայկական «Էյր Արմենիա» ավիաընկերությունը նույնպես 2014-ից կընդլայնի իր թռիչքների աշխարհագրությունը:
-Ի՞նչ կարող են ակնկալել ուղևորները 2014-ին:
-Ասեմ, որ ողջ տարվա ընթացքում շարունակվելու են բաց երկնքի քաղաքականության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և ակնկալում ենք արդյունքում ունենալ ավելի շատ ու ավելի մատչելի սակագներով չվերթներ: Ավիացիոն տեսանկյունից ամենակարևոր մաղթանքը 2014-ի համար մեր ուղևորներին անվտանգ ու ապահով թռիչքներ մաղթելն է: Շնորհավորում եմ մեր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում եմ միասնություն ու համերաշխություն մեր ընտանիքներին, հաջողությունը թող միշտ ուղեկից լինի բոլորին: