Արաբական վերափոխումների արդյունքում ձևավորված նոր միտումներն իսլամական արմատականության մեջ
Վերջին օրերին շատ է խոսվում իսլամական արմատականության, դրա ծայրահեղական դրսևորումների վտանգավորության և այն սպառնալիքների մասին, որոնք կրում են իրենց մեջ իսլամական արմատական հոսանքները: Իսլամական ծայրահեղականները ևս մեկ անգամ իրենց մասին հիշեցրեցին Ռուսաստանում, որի Վոլգոգրադ քաղաքում 2013թ-ի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ահաբեկչական երկու պայթյունների զոհ գնացին տասնյակ անմեղ մարդիկ: Փաստորեն` իսլամական արմատականությունը գլուխ է բարձրացրել ոչ միայն Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում, Եմենում, Աֆղանստանում, Սոմալիում և մուսուլմանական աշխարհի այլ հատվածներում, այլև` նման ճակատագրից չեն խուսափել այլ երկրները ևս: Իսլամական արմատականության մասին մտորումները բերում են մի շատ կարևոր եզրահանգման` իսլամական արմատականությունն իր և՛ չափավոր, և՛ ծայրահեղ դրսևորումներով, նույնպես ենթարկվում է վերափոխումների, որոնց վրա պետք է առանձնակի ուշադրություն դարձնել:
Այդ վերափոխումները նոր թափ ստացան մուսուլմանական աշխարհում մոտ 3 տարի տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում, և այսօր միտում չունեն նվազման:
2010թ-ի դեկտեմբերի 17-ին Թունիսում Մուհամմադ Բուազիզիի կողմից ինքնահրդեհմամբ արաբական երկրներում սկսած զանգվածային շարժումներն ու ցույցերը ցնցեցին ողջ աշխարհը: Արդյունքում Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում տապալվեցին ավտորիտար վարչակարգերը, հակակառավարական ցույցեր անցկացվեցին Ալժիրում, Մարոկոյում, Մավրիտանիայում, Հորդանանում, Իրաքում, Եմենում, Բահրեյնում, Սուդանում, Լիբանանում, բարդ իրավիճակ ստեղծվեց Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում, ճգնաժամի մեջ է հայտնվել Սիրիան: Այս գործընթացներում նկատելի է նաև իսլամական արմատական հոսանքների ակտիվ դերակատարությունը, որոնք 20-րդ դարի վերջին թվում էր` սպառել էին իրենց, սակայն արդի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացները և հատկապես «Արաբական գարնան» կոնտեքստում մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող զարգացումները ապացուցում են հակառակը:
2010թ-ի վերջից սկսված վերափոխումներն իրենց զգալի ազդեցությունն ունեցան մուսուլմանական աշխարհում ու նրա սահմաններից դուրս, և, ամփոփելով այս վերջին 3 տարիների զարգացումները, և այս առումով, վերհանելով իսլամական գործոնի կարևոր նշանակությունն այդ գործընթացների վրա, կարելի է խոսել որոշ փոփոխությունների մասին, որոնց ազդեցությունն այս կամ այն չափով զգացվում է մուսուլմանական աշխարհում:
Փոփոխությունների ենթարկվող մի շարք մուսուլմանական երկրներում իսլամական արմատական հիմնականում չափավոր հոսանքները, որոնք մինչ այդ ընդդիմադիր կեցվածք ունեին և հիմնականում գործում էին ընդհատակում, դարձան ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը` որոշ հատվածներում հայտնվելով իշխանության ղեկին (Թունիս, Լիբիա, Եգիպտոս և այլն): Վերոհիշյալ ուժերի հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ կարողացան օգտագործել մուսուլմանական հասարակություններում վաղուց նշմարվող հասարակական դժգոհությունը. փողոց դուրս եկած և վարչակարգերի հեռացումը պահանջող երիտասարդության ներուժը` դառնալով գալիք փոփոխությունների կարևոր ու ազդեցիկ գործոններից մեկը:
Ինչևէ` այս իսլամական չափավոր արմատական ուժերը դեռևս ազդեցիկ կլինեն մուսուլմանական աշխարհի տարբեր հատվածներում: Իհարկե, որոշ երկրներում իշխանության եկած իսլամական արմատական հոսանքներն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը (Եգիպտոս, Թունիս), ինչը նկատելի էր դեռևս նրանց հետհեղափոխական կոչերի առումով և որդեգրած քաղաքական վարքագծում, սակայն դա չի նշանակում, որ վերոհիշյալ իսլամական հոսանքներն ընդհանրապես կկորցնեն իրենց ազդեցությունն ընթացող քաղաքական գործընթացների վրա, որի վառ օրինակը մեզ ցուցադրում է հենց Եգիպտոսը. իսլամի արմատական թևին պատկանող` «Մուսուլման եղբայրներ» իսլամական արմատական կազմակերպությունը ներկայացնող նախագահ Մուհամմադ Մուրսիին պաշտոնանկ անելուց հետո Եգիպտոսում շարունակվում են բախումները, և դրանք դեռևս կշարունակվեն էլ ավելի նոր թափով ու արյունահեղությամբ, քանզի Եգիպտոսի արմատականները փորձելու են ետ բերել կորցրած իշխանությունը:
Վերոհիշյալ փոփոխությունների շարքից է նաև իսլամական արմատականության առավել ծայրահեղական հոսանքների աննախադեպ ակտիվությունը մուսուլմանական աշխարհում «Արաբական գարնանից» հետո ընթացող զարգացումներում: Այս համատեքստում, իսլամի առավել ծայրահեղական թևը ներկայացնող հոսանքների կողմից հմտորեն խաղարկվում են մուսուլմանական աշխարհում առկա հիմնախնդիրները` փորձելով հիմնավորել իսլամական աշխարհի շարիաթի սկզբունքների վրա կառուցված մեկ միասնական խալիֆայության կառուցման իրենց տեսլականը` որոշ դեպքերում բացահայտ առճակատման գնալով իսլամական առավել չափավոր արմատա...
Այս համատեքստում, իսլամի առավել ծայրահեղական թևը ներկայացնող հոսանքների կողմից հմտորեն խաղարկվում են մուսուլմանական աշխարհում առկա հիմնախնդիրները` փորձելով հիմնավորել իսլամական աշխարհի շարիաթի սկզբունքների վրա կառուցված մեկ միասնական խալիֆայության կառուցման իրենց տեսլականը` որոշ դեպքերում բացահայտ առճակատման գնալով իսլամական առավել չափավոր արմատական ուժերի դեմ: Սակայն, ծայրահեղականների հիմնական ակտիվությունը դրսևորվեց վերջիններիս զանգվածային ներհոսքով դեպի հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան տարածաշրջանային կոնֆլիկտների հորձանուտ, որտեղ ծայրահեղական խմբավորումներն իրականացնում են անմիջական ռազմական պայքար այդ թվում մուսուլմանական վարչախմբերի դեմ: Պետք է փաստել, որ իսլամական ծայրահեղական ուժերին հաջողվում է լարվածության մեջ պահել վերոհիշյալ տարածաշրջանները, և միայն Սիրիայում տեղի ունեցող գործընթացները բավարար են ապացուցելու ասածի ճշմարտացիությունը:
Սրան գումարվում է նաև մեկ այլ վտանգավոր երևույթ` այն է` հենց իսլամի ներսում սուննի-շիա հակամարտության թեժացումը: Այսօր ներմուսուլմանական հակամարտության դրսևորման աշխարհագրությունը վաղուց դուրս է եկել մուսուլմանական աշխարհի սահմաններից` ազդելով այլ տարածաշրջանները բնակեցնող մուսուլմանական երկու հիմնական ուղղությունների` սուննիների և շիաների հարաբերությունների վրա, և ներկայիս զարգացումների համատեքստում ներմուսուլմանական երկու հիմնական հոսանքների միջև պայքարի հետագա ընթացքը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Բացի այդ, իսլամական արմատական միջավայրում մեկ այլ երևույթի ականատեսն ենք լինում այսօր: Ի հայտ են գալիս իսլամական ծայրահեղ արմատական նոր առաջնորդներ, որոնք օժտված են գաղափարական, մարտավարական, ռազմավարական, իսլամական հիմնադրույթների փայլուն իմացության ունակություններով, և ընդունակ են ճկուն ձևով արձագանքել մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող գործընթացներին: Այսինքն, մենք գործ ունենք նոր սերնդի իսլամական ծայրահեղական առաջնորդների հետ, որոնք շատ լավ զգում են մուսուլմանական աշխարհում առկա զգայուն և ցավոտ կետերը` հաջողությամբ մանիպուլյացիայի ենթարկելով նորաթուխ ծայրահեղականներին` ինչպես առանձին իսլամական խմբավորումներին, այնպես էլ անհատ մահապարտ ահաբեկիչներին, իրենց լոկալ և գլոբալ նպատակները կյանքի կոչելու համար:
Արաբագետ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում