«Հաքքին.ազ». Բաքվում քանդում են այն շենքերը, որոնց վերանորոգման վրա հարյուրավոր միլիոն եվրո է ծախսվել
Վերջին տարիներին Բաքվի Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերի հղկման, ամրեցման և արտաքին տեսքի բարելավման համար պետական բյուջեից ծախսվել է հայուրավոր միլիոն եվրո: Սակայն այդ կառույցները քանդում են դրանց տեղում բարձրահարկ շենքեր կառուցելու համար, գրում է ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական կայքը:
«Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչու են քանդում այն շենքերը, որոնք երեք տարի առաջ վերանորոգվել էին և խորհրդային այլ հինգ և տասը հարկանի շենքերի կողքին բավականին լավ տեսք ունեին: Նրանց տեղում կառուցվող յոթհարկանի շենքերը պատրաստ պետք է լինեն մինչ 2015թ.-ի Եվրոպական օլիմպիական խաղերի բացումը, որոնք կանցկացվեն Բաքվում սույն թվականի հունիսին: Դատելով դրանից ` պարզ է դառնում, որ շենքերի քանդելը անմիջականորեն կապված է այս օլիմպիական խաղերի հետ: Բաքուն ևս մեկ անգամ փորձում է զարմացնել իր հյուրերին արդիականությամբ և ճոխությամբ», - ասվում է հոդվածում:
Ինչպես ասվում է հոդվածում, այս որոշումը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվի զարգացման որևէ նախագիծ գոյություն չունի, չնայած որ միայն վերջին 5-6 տարիների ընթացքում երկրի ղեկավարը հարյուրավոր միլիոն մանաթ է հատկացրել Բաքվի գործադիր մարմնին Բաքվի վերակառուցման և բարելավման աշխատանքները շարունակելու համար:
Այն, որ շինարարության պատճառը հենց Եվրոպական օլիմպիական խաղերն են, հաստատել է քաղաքապետարանի անանուն աղբյուրը: «Այն հարցին, թե ինչքան գումար է ծախսվել Հեյդար Ալիևի պողոտայի հինգհարկանի շենքերի վերանորոգման և զարդարման համար, պաշտոնյան պատասխանել է, որ եթե մենք այդպիսի հարցեր տանք, չենք ստանա ոչ միայն այդ հարցերի, այլ նաև մյուսների պատասխանները: Այսինքն, հասկացրել է, որ պետք չէ ամեն տեղ քիթը խոթել», - նշում է հեղինակը:
Ադրբեջանի վաստակավոր շինարար Էմիլ Ախունդովը այս առիթով ասել է. «Քաղաքապետարանի տհասները չեն հասկանում, որ աշխատանքները Բաքվում պետք է իրականացվեն միմիայն ըստ գլխավոր հատակագծի: Միայն այն պատճառով, որ Բաքվում անցկացվելու են Եվրապական օլիմպիական խաղերը, մենք չգիտես ինչու ոչնչացնում ենք մեր քաղաքը: Քաղաքապետարանում հավաստիացնում են, որ քաղաքում ամեն ինչ արվում է ըստ «Մեծ Բաքու» զարգացման ծրագրի: Իսկ որևէ մեկը տեսե ՞ լ է այդ ծրագիրը»:
Ախունդովը ցավով նշում է, որ քաղաքապետարանը, օգտագործելով հենց ժողովրդի սեփական միջոցները, ոչնչացնում է Բաքվի ինքնատիպ ճարտարապետությունը:
«Ինչպես նաև հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են 3-4 միլիարդ դոլար ծախսել Եվրոպական օլիմպիական խաղերը առաջին անգամ Բաքվում անցկացնելու համար: Հետաքրքիր է` այդքան գումարից ինչքա ՞ նը բաժին կհասնի քաղաքապետարանին»,- հավելում է «Հաքքին.ազ» կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան