«Մատաղիսի գործ»-ով արդարացվածները Ջհանգիրյանի դեմ բողոք են ներկայացրել
«Մատաղիսի գործ»-ով արդարացված երեք տղաները` Արա Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը ցանկանալով վերականգնել իրենց բարի անունն ու համբավը, վճռաբեկ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան` խնդրելով ամբողջությամբ բեկանել ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր կազմով քննության:
Հիշեցնենք` «Մատաղիսի գործով» վերջնականապես արդարացման վճռի հրապարակումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ և այս գործի կնքահայր համարվող Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, թե «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»: Դրանից հետո Ա. Զալյանը, Մ. Սերոբյանը, Ռ. Սարգսյանը 2013 թ. հունվարի 15-ին դիմել էին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում և պարտավորեցնել Գ. Ջհանգիրյանին հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել:
2013 թ. հուլիսի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր հայցադիմումը` «Գ. Ջհանգիրյանի արտահայտություններում վիրավորական և զրպարտչական արտահայտություններ չտեսնելով»:
2013 թ. սեպտեմբերի 16-ին Արայիկ Զալյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, սակայն 2013 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել էր բողոքը մերժելու մասին որոշում: Այդ պատճառով էլ տղաները որոշել են բողոքարկել որոշումը Հայաստանի դատական մյուս ատյանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան