Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Մարդը պարտավոր է և պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել»: Խոսքերի հեղինակը ՀԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ, XX դարի կինոյի խոշորագույն նորարար ռեժիսորներիվ Սերգեյ Փարաջանովն է:
90 տարի առաջ հենց այս օրն է Թբիլիսիում ծնվել տաղանդաշատ արվեստագետ Սերգեյ Փարաջանովը:
«Այսօր գնալու ենք պանթեոն, այնուհետև մտերիմներով կհավաքվենք այստեղ: Կլինի մի փոքր հյուրասիրություն: Հիմնական միջոցառումները նախատեսված են ամռանը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում՝ կլինեն հատուկ ծրագրեր, հյուրեր, կցուցադրվեն ֆիլմեր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Մանկուց Ս. Փարաջանովը նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին:
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերներն» է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:
1968 թ-ին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում Փարաջանովը ձեռնամուխ է լինում միջնադարյան հայ պոետ, աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ստեղծմանը (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ): Սուրեն Հասմիկյանի վկայությամբ, սկզբում Փարաջանովը ցանկանում էր ֆիլմն անվանել՝ «Աշխարհումս»: Այս ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի: ««Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց»,- ասել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելլինին:
1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
«Փարաջանովը մեծ արվեստագետ էր եւ մեծ երեխա: Ինչ էլ բաժին ընկավ իր ճակատագրին, կենսական ինչպիսի ցնցումներ ասես եղան նրա ճանապարհին, ինչպիսի անբարյացակամության եւ չարիքի էլ հանդիպեց, միեւնույն է, Փարաջանովը մնաց բացառիկ բարի մարդ, հոգում չարություն չպահեց, իսկ արվեստում երբեք չէր դավաճանում իր բարոյական եւ ստեղծագործական սկզբունքներին… Նա աշխարհ էր եկել մարդկանց գեղեցկություն պարգեւելու համար»,-ասել է կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանը:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
«Փարաջանովի ուժը ջերմամիջուկային է, այդ ուժը ոչ թե նրա ֆիլմերի, ոչ թե նրա կինեմատոգրաֆի, այլ նրա մարդկային կերպի մեջ է»,- ասել է Յ. Պ. Լյուբիմովը:
Փարաջանովը մահացել է 1990 թվականի հուլիսի 21-ին Երևանում, թոքերի քաղցկեղից: Մահվանից մեկ տարի անց Երևանում բացվել է Փարաջանովի տուն-թանգարանը: Փարաջանովի տուն-թանգարանում պահվում են նրա աշխատանքները, որի հիմնական մասը գծանկարներ են, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև Փարաջանովի կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված Թբիլիսիի տան կահ-կարասին և անձնական իրերը։
Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալի և ներկան սնող մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը:
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 2010 թ. Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
«Կինոյի աշխարհը մի հրաշագործիչ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»,- գրել են Ֆեդերիկո Ֆելլինին, Տոնինո Գուեռան, Ջուլիետա Մազինան, Ալբերտո Մորավիան, Մարչելլո Մաստրոյանին, Բեռնարդո Բերտոլուչին Փարաջանովի մահվան կապակցությամբ Երևան ուղարկած հեռագրում:
Փարաջանովն ինքն իր մասին ասել է. «Նախանձեցի գեղեցիկներին՝ դարձա հրաշագեղ, նախանձեցի տաղանդավորներին՝ հանճարեղ դարձա»: