Դիետոլոգ. Տոներից հետո հարկավոր է օրգանիզմի բեռնաթափման օրեր անցկացնել
Տոներից հետո հարկավոր է օրգանիզմի բեռնաթափման օրեր անցկացնել, բայց հատուկ դիետայի պետք չէ հետևել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:
Բժիշկ-դիետոլոգը մի քանի խորհուրդներ տվեց, որոնց հետևելով, ըստ նրա, հեշտությամբ կարելի է բեռնաթափել օրգանիզմը և ինչու չէ` նաև վերացնել ավելորդ կիլոգրամները:
Նախ, ըստ նրա, տոնական օրերից հետո մի քանի օր չպետք է կենդանական ծագման սնունդ օգտագործել, պետք է հրաժարվել մսեղենից և ձկնեղենից։ «Օրեր շարունակ սնվելով մսային, ճարպային սնունդով և ալկոհոլով՝ մարդու օրգանիզմը սկսում է զգալ ավելի թեթև սնունդի կարիք: Ուստի խորհուրդ է տրվում ավելի թեթև սնվել, սննդակարգը պետք է բաղկացած լինի բանջարեղենից և մրգերից, բացի այդ, ցանկալի է կրճատել ալկոհոլի քանակությունը` հավասարեցնելով այն զրոյի»,- ասաց Վ.Պետրոսյանը` հավելելով, որ դրա փոխարեն պետք է ավելացնել հեղուկի քանակությունը: «Խորհուրդ է տրվում շատ քանակությամբ հեղուկներ ընդունել։ Սակայն դա չպետք է լինի գազավորված կամ բնական հյութի տեսքով, որոնք շաքար են պարունակում։ Ցանկալի է շատ օգտագործել սովորական ջուր, հանքային ջուր»,- ասաց նա:
Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տալիս սառնարաններից դեն նետել մի քանի օր առաջ պատրաստված սննդամթերքը: «Դրանց պահպանման ժամկետը վաղուց անցել է, ավելի լավ է դրանք լցնել աղբամանը, որպեսզի օրգանիզմը չթունավորվի»,- նշեց դիետոլոգը:
Իսկ ինչ վերաբերում է ֆիզիակական ակտիվությանը, ապա, ըստ Վ.Պետրոսյանի, հաշվի առնելով եղանակային պայմանները, բնականաբար, հնարավոր չէ ավելի շատ քայլել: «Քանի որ դրսում երկար մնալն այդքան էլ հեշտ չէ, ապա կարելի է տանը երաժշտություն միացնել և 15-20 րոպե պարել։ Դա էլ կլինի ֆիզիկական ակտիվություն»,- նշեց բժիշկ-դիետոլոգը:
Իսկ այն մարդիկ, ովքեր անհանգստանում են տոներին հավաքած ավելորդ կիլոգրամներից, Վ.Պետրոսյանը հորդորեց չմտահոգվել, քանի որ այդ կիլոգրամները հեշտությամբ էլ կվերանան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում