Արցախի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Ա.Խաչատրյանը ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված ենթաշրջանային ծրագրերի կատարման ընթացքը և 2014 թվականին նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ: Խորհրդակցությանը ներկա շրջվարչակազմերի ղեկավարները ամփոփ տեղեկություններ են հաղորդել 2013թվականին իրականացված աշխատանքների մասին: Քննարկվել են նաև մկնանման կրծողների դեմ պայքարի, գարնանացանի նախապատրաստման և արտեզյան ջրհորների միջոցով ոռոգման համակարգն ընդլայնելու վերաբերյալ հարցեր:
Կառավարության ղեկավարը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարականներ է տվել` ակտիվացնելու մկնանման կրծողների դեմ պայքարը Հադրութի, Մարտունու և Քաշաթաղի որոշ տարածքներում, ինչպես նաև ուսումնասիրել արտեզյան ջրհորներով ոռոգվող հողատարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների մշակման հնարավորությունները:
Խորհրդակցությանը ներկա է եղել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լ.Գրիգորյանը: