Բաքվի բնակչությունը ստիպված է խմելու ջուրը գնել խանութներից
«Մինվալ.ազ». Չնայած Ադրբեջանի բյուջեից ջրամատակարարման համար 2.6 մլրդ դոլար է ծախսվել, Բաքվի բնակչությունը ստիպված է խմելու ջուրը գնել խանութներից
Չնայած այն հանգամանքին, որ վերջին 10 տարիների ընթացքում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար Ադրբեջանի պետական բյուջեից ծախսվել է 2.6 մլրդ դոլար, մարդիկ ստիպված են շարունակել օգտագործել ցածր որակի ջուր: Այս մասին տեղեկացնում է «Մինվալ.ազ» ադրբեջանական լրատվական կայք:
Ինչպես ասվում է հոդվածում, փորձագետները հավաստիացնում են, որ Ադրբեջանի հարուստ բյուջե ունեցող «Ազերսու» ջրամատակարարման և ջրահեռացման ազգային օպերատորը հեշտությամբ կարող է լուծել այս խնդիրը: Ըստ փորձագետների` ավելի քան 4500 վարչական բնակելի տարածք խմելու ջրի սակավության խնդիր ունի:
Հեղինակը նշում է, որ խնդիրը առավել զգալի է Բաքվում, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում մայրաքաղաքի բնակչությունը կրկնապատկվել է: Ջրի խնդիրը իր լուծումը չգտավ նույնիսկ Օգուզ-Գաբալա-Բաքու ջրատարի շահագործումից հետո: Բնական, մաքուր խմելու ջրի մատակարարման խնդիրը ոչ միայն չի լուծվել, դեռ ավելին` իրավիաճակը ավելի է սրվել: Այդ իսկ պատճառով Բաքվի բնակիչները ստիպված են խմելու ջուր հայթայթել այլ աղբյուրներից: Բնակչության մի մասը խմելու և ուտեստներ պատրաստելու ջուրը գնում է խանութներից, և քանի որ բնակչությունը միջոցներ չունի, այս լրացուցիչ ծախսերը դառնում են սոցիալական լարվածության պատճառ:
Ի տարբերություն այլ երկրների` Ադրբեջանում կենցաղային կարիքների համար օգտոգործվող ջուրը առանձնացված չէ: Այդ իսկ պատճառով տեխնիկական կարիքները հոգալու համար հաճախ օգտագործվում է խմելու ջուրը: Հաշվի առնելով բնակչության աճը` նախատեսվում է, որ 2025թ.-ին Ադրբեջանում խմելու ջրի պաշարների կարիքը 40%-ի չափով աճ կգրանցի, ասվում է հոդվածում:
«Մինվալ.ազ»-ը նշում է նաև, որ Բաքվում սկսվել են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ: Ըստ Համաշխարհային բանկի փորձագետների` երկրի ջրամատակարարման համակարգը միջազգային ստանդարտների հասցնելու համար անհրաժեշտ կլինի 10 մլրդ դոլար: 2005-2013թթ.-ին այդ նույն նպատակով երկրի պետական բյուջեից տրամադրվել է 2.1մլրդ մանաթ (2.6 մլրդ դոլար):
Այնուամենայնիվ, խնդիրը դեռ չի լուծվել: Մինչ այսօր Բաքվում ծորակներից կեղտոտ ջուր է հոսում: «Ազերսու» ընկերությունը չի կարողանում լուծել խնդիրը, հավելում է հեղինակը:
Սակայն փորձագետները հավաստիացնում են, որ իրավիճակը անլուծելի չէ: Փորձագետը, ով չի ցանկացել նշել իր անունը «Յենի Մուսավաթ» ադրբեջանական թերթին տրված հարցազրույցում ասել է. «Եվրոպայում ջրային պոմպերի վրա տեղադրված են հսկայական ինքնամաքարման զտիչներ, որոնք շատ թանկ չեն: Եթե յուրաքանչյուր ջրամբարում այդպիսի զտիչ դրվի, ապա հնարավոր կլինի մաքուր ջուր մատակարարել Բաքվի բնակչությանը: Իսկ այսպես, յուրաքանչյուր անձրևից հետո նրանք ստիպված են պղտոր ջուր խմել: «Ազերսու» ընկերության բյուջեն 1 մլրդ դոլլար է, սակայն ղեկավարությունը ոչինչ չի անում, և արդյունքում Բաքվի բնակիչները ստիպված են օգտագործել տարբեր հիվանդությունների պատճառ հանդիսացող ջուրը»: