Հայ-հնդկական հարաբերությունները առողջապահության ոլորտում դինամիկ զարգանում են
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Ինչպես տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում հայ-հնդկական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Կարևորելով հայ-հնդկական հարաբերությունների դինամիկ զարգացումը` նախարար Դումանյանն առաջնահերթ համարել է դեղարտադրության և դեղագիտության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնումը:
Նախարարը նշված ուղղությամբ համագործակցություն ծավալելու կարևոր գրավական համարել է երկկողմ շփումները և փոխայցելությունները հայ և հնդիկ դեղարտադրող և ներմուծող ընկերությունների միջև:
Դերենիկ Դումանյանն իր խոսքում նաև ընդգծել է ապրիլին Մումբայում կայանալիք դեղագործական մեծ ցուցահանդեսի կարևորությունը` հավելելով, որ ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայկական դեղարտադրողները:
Դեսպանը շնորհավորել է պատշաճ արտադրական գործունեության (GPM) հավաստագիր ստացած ընկերությանը: Նա նշել է, որ Հայաստանում GPM հավաստագրի տրամադրումը միջազգային շուկայում ակտիվ համագործակցության կարևոր երաշխիք է:
«Երկկողմ համագործակցության զարգացման նոր գրավական կարող է դառնալ փետրվարի 2-4-ը Հնդկաստանի Դեղերի արտահանումը խթանող խորհրդի պատվիրակության այցը Հայաստան և նրանց հանդիպումը Հայաստանի դեղարտադրողների և դեղներմուծողների միության, ինչպես նաև շահագրգիռ այլ կառույցների հետ»,- ասել է Սուրեշ Բաբուն` նշելով, որ պատվիրակության մեջ ընդգրկված են լինելու 15-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:
Կարևորելով բժշկական կրթության և բժշկագիտության դերը` Սուրեշ Բաբուն առաջարկել է հնդկական ավանդական բժշկության և հոմեոպաթիայի անվճար դասընթացների կազմակերպում, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ծանոթանալ հնդկական ավանդական բժշկության գաղտնիքներին: Նշենք, որ այն մեծապես կարևորվում է Հնդկաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր: