Հայաստանի և Գերմանիայի ազգային հավաքականները կհանդիպեն Մայնցում
2014 թ. հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական-բարեգործական հանդիպումը:
Սա կլինի հավաքականների մակարդակով միջազգային առաջին հանդիպումը Մայնցում: Հանդիպման կազմակերպիչը գերմանական DFB Egidius Braun հիմնադրամն է: Խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Լիգայի ասոցիացիայի տարբեր հիմնադրամներին: Այս հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկն այս կապակցությամբ ասել է. «Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ավարտել աշխարհի առաջնության հետ կապված նախապատրաստական ծրագրերը: Լեհաստանի և Կամերունի ընտրանիների հետ հանդիպումներից հետո մենք կմրցենք նաև Հայաստանի հավաքականի հետ: Հանդիպումը կարևոր է ոչ միայն մարզական տեսանկյունից: Խաղից ստացված հասույթը ևս մեկ անգամ կապացուցի այն, որ հիմնադրամներն ի վիճակի են շարունակել իրենց գերազանց աշխատանքը և տարբեր ծրագրերը նաև ապագայում»:
Բարեգործական հանդիպումները Գերմանիայում երկար պատմություն ունեն: Գերմանիայի հավաքականն առաջին բարեգործական հանդիպումն անցկացրել է 1998 թվականին, իսկ վերջին խաղում Սինսհեյմում հաղթել է Ուրուգվայի ազգային թիմին 2011 թվականին: Այս ընթացքում խաղերից ստացված հասույթը հատկացվել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 3 հիմնադրամներին, Բունդեսլիգայի հիմնադրամին, ինչպես նաև Ռոբերտ Էնկեի և Վալտեր Ֆրիցի հիմնադրամներին: Այս հանդիպումը կլինի երրորդը Գերմանիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:
Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած խաղերում Գերմանիայի հավաքականը հաղթել է 5:1 և 4:0 հաշիվներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները