Երթի մասնակիցները շարժվում են Գլխավոր դատախազության շենք (Լրացվում է)
Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի երթի մասնակիցներն այս պահին Հյուսիսային պողոտայով շարժվում են դեպի Գլխավոր դատախազության շենք:
Հիշեցնենք, որ երթին միացել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօրվանից Շանթ Հարությունյանը դադարեցրել է 16 օր տևած հացադուլը: Ինչպես հայտարարել էր նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, այսօր առավոտյան Դատապապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում գտնվող Շանթ Հարությունյանին 16-օրյա հացադուլից հետո տրվել է ոչ թե դիետիկ սնունդ, այլ ծանր ուտելիք, ինչի հետևանքով Հարությունյանը ուշաթափվել է:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»: Ինչպես հետո հայտարարել էր նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանին ծեծելու համար: Երկու ամսից ավելի է` Շանթ Հարությունյանը գտնվում է կալանքի տակ:
Գլխավոր դատախազության շենք հասած երթի մասնակիցները վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Տեսակցություն նրանց հետ»: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, այս պահին դեռևս ոչ ոք դատախազությունից նրանց չի ընդունել: