Ի. Զարաֆյան. Արարատյան դաշտավայրում աղետալի վիճակ է
Այս տարվա ընթացքում Սևանա լճի, Արարատյան դաշտավայրի, Ամուլսարի ու Թեղուտի խնդիրները պետք է մշտապես լինեն ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ միաժամանակ ահազանգելով, որ Արարատյան դաշտավայրում աղետալի վիճակ է, Սևանա լիճը ենթարկվում է երկրորդ աղետի:
Նա նշեց, որ կառավարության դեկտեմբերի 19-ի որոշմամբ տարեկան Սևանա լիճ է լցվելու 50 հազար տոննա արհեստական կեր, որը պարունակում է ազոտ և ֆոսֆոր, որպեսզի տասը տարի անց Սևանում իշխանի արտադրությունը հասնի տարեկան մինչև 50 հազար տոննայի: Բնապահպանի գնահատմամբ, սա՝ «ահավոր ծրագիր է», բացի այդ Սևանի լճի մասին օրենքն ուղղակիորեն արգելում է:
Երկրորդ նախագիծը, որը դեռևս չի հաստատվել կառավարության կողմից, ներկայացրել է պետջրկոմիտեն. Սևանա լճից բաց է թողնել մինչև 240 միլիոն խորանարդ մետր ջուր: Այժմ գործում է սահմանափակում՝ տարեկան մինչև 170 միլիոն խորանարդ մետր: Ի. Զարաֆյանը նշեց, որ շատ ջուր բաց թողնելու նման որոշումը պատճառաբանվում է, թե Արարատյան դաշտավայրի հողատարածքների ոռոգման համար ջուր չկա, Սև ջուր գետը ցամաքել է: «Ցամաքել է, որովհետև ջրի օգտագործման թույլտվությունները մոտ 1,5-2 անգամ գերազանցել են ջրային պաշարներից»,- շեշտեց Ի. Զարաֆյանը:
Ասուլիսին ներկա բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ Արարատյան դաշտավայրում վերջին մեկ տարում ջրօգտագործման որևէ թույլտվություն չի տրվել, բացի չորս դեպքից՝ կառավարության որոշմամբ ոռոգման նպատակով: Նա տեղեկացրեց, որ Արարատյան դաշտավարում հիդրոերկրաբանական ուսումնասիրություն է ընթանում:
Ինչ վերաբերում է Ամուլսարին, Ինգա Զարաֆյանն ասաց, որ 2013-ից այս հարցը բավականին անորոշ ընթացք է ստացել. «Պետք է դեռ անցյալ տարի շահագործեին հանքավայրը, բայց չեն սկսել: Դա, իհարկե, լավ է: Բայց կարծում եմ, որ այստեղ ոչ թե բնապահպանական, այլ զուտ քաղաքական մոտեցում է»: Նա նշեց, որ ութ մարզ ընկնում է այս ծրագրի ազդեցության տակ, սակայն որպես ազդեցության համայնք ընդգրկել են երեքը՝ մի քանի հարյուր մարդով: «Սա անընդունելի է»,- նշեց Ի. Զարաֆյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան