Ծառուկյանը 150 մլն դոլար արժողությամբ կազինո կկառուցի
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում: ՀՀ կառավարությունը անցյալ տարվա վերջին հավանություն է տվել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին, որով թույլատրել է «Օնիրա քլաբ» ընկերությանը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի և հանգստի կենտրոն կառուցել` խաղատուն կամ շահումով խաղ, կամ ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար:
Հայտնի է, որ «Օնիրա քլաբ» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների ցանկում է: Ըստ կառավարության հիմնավորման՝ «Էյ Էնդ Էմ Ֆայնենշլ Քոնսալթինգ»-ի գնահատմամբ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի ժամանցի և հանգստի կենտրոնի շինարարության ներդրումային ծրագրի արժեքը կազմում է 61 մլրդ 146 մլն 139 հազար դրամ»,-գրել է «Ժամանակ»-ը: