Քանդակագործ Նունե Թումանյանի աշխատանքները ներկայացվելու են «Women and Art Biennial 2014»-ում
Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքի Արվեստների թանգարանում հունվարի 27-ին բացվելու է կին ստեղծագործողների աշխատանքների բիենալե՝ «Women and Art Biennial 2014»: Հայաստանը ներկայացնելու է քանդակագործ Նունե Թումանյանը: Ներկայացված մի քանի հայ այլ թեկնածուների աշխատանքներից ընտրվել են իր աշխատանքները: Panorama.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց. «Հայաստանն այնտեղ ունենալու է իր առանձին տաղավարը: Ես ներկայացնելու եմ յոթ բրոնզե քանդակ»:
Բիենալեն, որի խորագիրն է «Interpreting Peace» («Մեկնաբանելով խաղաղությունը»), կազմակերպում է Շարժայի կանանց ակումբը: «Ներկայացվող ստեղծագործություններից գոնե մեկը պարտադիր պիտի առնչվի խաղաղության թեմայի հետ, իսկ մնացածն արդեն ստեղծագործողի ընտրությամբ»,- ասաց Ն. Թումանյանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կտա Ձեզ բիենալեին մասնակցությունը, արվեստագետն ասաց. «Հպարտության և պատասխանատվության զգացում եմ ապրում, քանի որ ներկայացնելու եմ Հայաստանը: Բիենալեն տարբեր երկրներից ժամանած արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ ծանոթանալու լավ հնարավորություն կընձեռի: Կարծում եմ` վերադարձից հետո հիշելու և պատմելու շատ բան կունենամ: Կզրուցենք…»:
«Լույսի ճանապարհ»
«Խաղաղություն»
«Բեռ»
«Երազանքների ծառ»
«Հմայիլ»
«Վերելք»
«Խաբկանք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան