Արաբագետը մեկնաբանում է սիրիահայ ընտանիքների բռնի կերպով իսլամացնելու աղմկահարույց տեսանյութը
Ֆեյսբուքյան «Inews» լրատվական էջում վերջերս տեղեկատվություն է հայտնվել առ այն, որ Սիրիայում իսլամական արմատական «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորման կողմից սիրիահայ երկու ընտանիքների բռնի կերպով պարտադրվել է իսլամի հետևորդ դառնալ: Տեղեկատվությանը կցվել է մի տեսանյութ, որտեղ իբր մի հայի ստիպում են իսլամ ընդունել` սպառնալով հրաժարվելու դեպքում սպանել նրան: Այս տեղեկատվությունը մեծ արձագանք է ստացել հայկական լրատվամիջոցներում, որը մեկնաբանելու համար «Panorama.am»-ը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:
Ըստ արաբագետի` տարածված տեղեկատվության մեջ իրականությանը համապատասխանում է այն, որ «Իրաքում և Շամում իսլամական պետություն» կազմակերպությունը «ալ-Կաիդա»-ին հարող խմբավորում է, որն իրոք Սիրիայում վատ համբավ է ձեռք բերել իր բիրտ վարքագծով ու դաժանություններով` պայքարելով սիրիական ընդդիմադիր, այդ թվում իսլամական արմատական ուժերի դեմ և գլխատելով նույնիսկ իսլամական արմատական ծայրահեղական խմբավորումների անդամների: Վերոհիշյալ փաստերը հարուցել են Սիրիայի ընդդիմադիրների զգալի հատվածի (այդ թվում իսլամական արմատականների) թշնամանքն ԻՇԻՊ-ի հանդեպ` վերջինիս բնորոշելով որպես անկանխատեսելի ու անվերահսկելի իսլամական կառույցի, որի դեմ պետք է պայքարել: Միգուցե, նման փորձեր ԻՇԻՊ-ի կողմից տեղ գտել են ներկայիս սիրիական հակամարտության այս թոհուբոհի մեջ, սակայն, կոնկրետ տեղեկատվությանը կցված տեսանյութում ԻՇԻՊ-ի մասին խոսք չկա` ավելացրեց Ս. Գրիգորյանը:
Մեկնաբանելով տեսանյութը, արաբագետը նշեց, որ այնտեղ չկա իսլամ ընդունելու պարտադրանք, ինչը երևում է նույնիսկ անզեն աչքով և առանց արաբերենի տիրապետելու: Իսլամական ծայրահեղ արմատականների համար (իհարկե այստեղ խոսք է գնում առաջին հերթին այն ծայրահեղականների մասին, որոնց վարքագիծն «անհավատների» նկատմամբ դժվար է բացատրել) ավելի դյուրին է սպանել ոչ մուսուլմանին, քան իսլամ պարտադրել նրան, իսկ տեսանյութում նման բիրտ գործողություններ չեն նկատվում:
Անձը, ով ընդունում է իսլամ` պետք է անպայման արտաբերի իսլամի առաջին հիմնասյունը համարվող «շահադա»-ն (վկայակոչում` Չկա Աստված Ալլահից բացի, և Մուհամմադը նրա առաքյալն է), սակայն տեսանյութում վերոհիշյալ արտահայտությունը չի հնչում: Կամ տեսանյութը ամբողջական չէ, կամ էլ անձը, ով ենթադրվում է, որ ընդունում է իսլամ, հավանաբար արդեն ընդունել է իսլամ, և մուսուլմանները շնորհավորում են իրեն:
Տեսանյութում ոչինչ չկա հայի, կամ հայերի հիշատակության մասին: Իսլամ ընդունող կամ արդեն ընդունած անձը չի ներկայանում որպես հայ, կամ այստեղ խոսք չկա հայ ընտանիքի կամ ընտանիքների վերաբերյալ: Ոչինչ չի հնչում անգամ Սիրիայում վատ համբավ ունեցող վերևում արդեն հիշատակված «Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման մասին, որին վերագրվում են վերջին օրերին սիրիահայ ընտանիքներին բռնի հավատափոխ անելու լուրերը: Եթե վերոհիշյալ կառույցը նման վարքագծով և բռնի գործելաոճով առանձնանում է, ապա ոչ այս տեսանյութում` հավելեց Ս. Գրիգորյանը: