Եղանակն աննպաստ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի աշխատանքների համար
«Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից 2013 թվականի հեռուստամարաթոնը անցկացվեց «Դեպի Արցախ» խորագրով, իսկ հանգանակված գումարը նախատեսված է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Վարդենիս - Մարտակերտ 116 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարությանը: 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Իսկզբանե հայտարարվել էր, որ ավտոճանապարհի շինարարությունը նախատեսված է մեկնարկել 2014 թվականի հունվարից: Panorama.am-ի հետ զրույցում, ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշեց, որ աշխատանքները մեկնարկել են, իսկ դրանք առավել մեծ թափ կհավաքեն եղանակային պայմանների բարելավումից հետո:
Նա հիշեցրեց, որ որոշ աշխատանքներ իրականացվել էին մինչև մարաթոնը` Արցախի պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
«Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը գործում է, սակայն խնդիր կա այն հիմնանորոգելու ու ժամանակակից մայրուղու վերածելու համար: Գործող ճանապարհները չէին կարողանում լիարժեք բավարարել Արցախ-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հոսքը»,- նշեց պարոն Բաբայանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Panorama.am-ի հետ զրույցում, Դ. Բաբայանը նշել էր` «Հեռանկարում է Հայաստանն Արցախին կապող երրորդ ռազմավարական ճանապարհի կառուցումը երկու հանրապետությունների հարավային հատվածների միջև: Ճանապարհների կառուցումը նոր լիցք կհաղորդի այդ շրջանների տնտեսական աշխուժությանը, ինչպես նաև՝ հնարավորություն կտա ամրապնդել Արցախի անվտանգությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան