ԱՆ-ն շրջանառությունից հանել է վիճահարույց օրինագծերը. Արա Զոհրաբյան
Հայաստանի արդարադատության նախարարությունը շրջանառությունից հանել է ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը, որոնցով փաստաբանների ռեեստր վարելու լիազորությունը վերապահվելու էր ՀՀ արդարադատության նախարարությանը և սահմանվելու էր փաստաբանի համար յուրաքանչյուր տարի 60.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր փաստաբաններին այդ խնդրի լուծման կապակցությամբ սկզբունքային վերաբերմունք դրսևորելու և ակտիվ մասնակցության համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ արդարադատության նախարար պարոն Հրայր Թովմասյանին և բոլոր այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր կառուցողական քննարկումների արդյունքում հարգեցին և կարևորեցին փաստաբանի անկախությունը», -ասել է ՓՊ նախագահը:
Հիշեցնենք` Փաստաբանության և Պետական տուրքի մասին օրենքներում կառավարության նախաձեռնած փոփոխություններով, նախատեսվում էր փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախագծերով նախատեսվում է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ, փաստաբաններին վերաբերող վիճահարույց օրինագծերի վերաբերյալ քննարկումների, նախագծերի ընդունման դեմ պայքարի համար Պալատի ռազմավարությունը մշակելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ: Բացի այդ, Փաստաբանների պալատի հարյուրավոր փաստաբաններ յուրօրինակ ֆլեշմոբ էին կազմակերպել` «Ոչ եմ ասում օրենքների նախագծին» կարգախոսով և իրավաբանների ֆեյսբուքյան էջում ու իրենց անձնական էջում տարածում նախագծերի վերաբերյալ դիրքորոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան