ՊՆ. Սահմանագծին հակառակորդը ողջ օրվա ընթացքում ինտենսիվ կրակահերթ է իրականացրել
«Հակառակորդը հունվարի 10-ի ողջ օրվա ընթացքում, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` կրակ արձակելով հայկական մարտական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին, անընդհատ տեղեկություններ են հաղորդվում հայկական բնակավայրերի ուղղությամբ արձակվող կրակահերթի մասին, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ կրակահերթերն առավել ինտենսիվ են եղել երեկոյան ժամերին, սակայն հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հնարավոր է եղել լռեցնել հակառակորդին:
«Հակառակորդը կրակն իրականացրել է տարբեր տեսակի զինատեսակներից, ընդհուպ` մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներով»,- հավելեց նա:
Հարցին, թե արդյոք կորուստներ կամ վիրավորներ կան, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Բարեբախտաբար, կորուստներ կամ վիրավորներ չկան»: