Ավագ Հարությունյանը մշակույթի նախարարությանը մեղադրում է թերանալու մեջ
Վրաստանի կողմից պատմությունը հերթական անգամ կեղծելու փորձ է: Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` անդրադառնալով Վրաստանը գինու հայրենիք ճանաչելու վերաբերյալ վրացական նախաձեռնությանը:
«Հիմա էլ ուզում են գիտականորեն հիմնավորեն իրենց կեղծիքը: Եթե միջազգային հանրությունը պետք է աչք փակի դրա վրա, Հայաստանն ի՞նչ կարող է անել, 100 տարուց ավելի է` ապացուցված է, որ գինու հայրենիքը Հայաստանն ու հայկական լեռնաշխարհն են»,-ասաց Ա. Հարությունյանը: Մասնագետը համոզված է, որ վրացիներին չի հաջողվի ապացուցել, որ Վրաստանն է գինու հայրենիքը, բայց ապացուցելու իմիտիացիա կապահովեն:
«Իրենք հրավիրել են գիտնականների մեծ խումբ, մի քանի տեղ մի քանի բան կգտնեն իբր թե ու կգրեն, որ Վրաստանը գինու հայրենիքն է»,-ասաց Ա. Հարությունյանը, նկատելով, որ Հայաստանն այս առումով քնած է արջի ականջում, խորապես համոզված լինելով, որ ճշմարտության մասին գիտեն բոլորը: Մինչդեռ անհրաժեշտ է դրա մասին անընդհատ բարձրաձայնել:
Միության նախագահի խոսքով, խնդրին պետք է մոտենալ պետական մակարդակով, ինչում մշակույթի նախարարությունը մասնավորապես թերացել է:
«Ես չկարողացա մեկ ամիս առաջ գնալ Բաքու, որտեղ կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մշակութային արժեքների գրանցման վերաբերյալ նիստը: Հենց այդ նիստում կարասները գրանցվեցին որպես Վրաստանի մշակութային արժեք: Ես կառավարությանն ասեցի, որ չեմ կարող մասնակցել, դուք փորձեք ձեր կապերի միջոցով հարցը լուծել, ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Հիմա նրանք մառան բառն են ուզում գրանցել, տակառն են ուզում գրանցել, ԵՄ-ում Վրաստանը գրանցել են գինու և խաղողի օջախ: Պետությունը պետք է մշակույթի նախարարության միջոցով խնդիրը համակարգի ու մատուցի աշխարհին»,-ասաց Ա. Հարությունյանը:
Միության նախագահի կարծիքով, Եվրոպան այսօր բարյացակամ վերաբերմունք ունի Վրաստանի նկատմամբ, իսկ հարմար առիթը հարևան երկիրը բաց չի թողնում: Ինչ վերաբերում է Վրաստանը գինու հայրենիք հռչակելու հնարավոր հետևանքներին, ապա Հարությունյանի խոսքով, դրանից հայկական գինու իրացման ծավալները չեն կրճատվի:
«Ծավալներն այնքան քիչ են, էլ ո՞ւր կրճատվեն: Մեկ տարում արտահանում են 2 մլն շիշ, այն դեպքում երբ վրացիները կես տարում 25 մլն շիշ գինի արտահանեցին Ռուսաստան»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում