Շավարշ Քոչարյան. Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների
«Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքները: Սա հերթական անգամ արտահայտվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի` Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխնախարարի խոսքով, Ի. Ալիևը կարող էր էլ ավելի տպավորիչ թվեր հնչեցնել` համեմատվելով Արցախի Հանրապետության հետ: «Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում, ի հեճուկս թվերի, հենց Արցախից կրած պարտության մասին, և քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների»,- ասել է Շ. Քոչարյանը: