Գյումրի-Բավրա ճանապարհին վթարի հետևանքով Վրաստանի քաղաքացի է մահացել
Այսօր, ժամը 03.01-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ՍԿԱՆԻԱ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդ, Վրաստանի քաղաքացի 57-ամյա Գ. Յ.-ն տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր 32-ամյա դարձյալ Վրաստանի քաղաքացի Զ. Կ.-ին:
Ըստ աղբյուրի, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: