Աշոտյան. ԿԳՆ աշխատակիցների կողմից աղաղակող բաղթողումներ չեն գրանցվել
Խնդիրները շատ են, սակայն մենք պարտավոր ենք` նախ լուծել այս պահին լուծվող խնդիրները, սկսել լուծել այս պահին չլուծվող խնդիրները և չստեղծել նոր խնդիրներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Իրականացվող աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի: Համոզված եմ, որ դրա համար թե որակի, և թե աճի հնարավորություն կա: Հասարակությունը մեզնից ակնկալում է խնդիրների ավելի արագ լուծում, և նախարարությունն իրավամբ ունի այն պոտենցիալը, որ ավելի արդյունավետ բավարարի մեր բնակչության ակնկալիքները»,-ասել է ԿԳ նախարարը:
Նրա խոսքով, պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը` հենց այսօրվանից աշխատելով այդ ուղղությամբ:
«Ցանկանում եմ նշել, որ նախորդ տարվա աշխատանքները հիմնականում համապատասխանել են մեր կողմից դրված խնդիրներին: Ցանկանում եմ շեշտել, որ 2013 թվականին համապատասխան կառույցների` նախարարությունում կատարված ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական մի շարք միջոցառումներ: Մի կողմից ուրախությամբ պետք է նշել, որ նախարարության աշխատակիցների կողմից աղաղակող բաղթողումներ չեն գրանցվել, սակայն կան հարցեր, որոնք ավելի կազմակերպչական և բովանդակային բնույթի էին, և մենք ինքներս պետք է տեսնեինք մեր աշխատանքի բացթողումները»,-ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վաևրչության փոխանցմամբ, ասել է Աշոտյանը, ապա ավելացրել.
«Ֆինանսական բացթողումների բացակայությունն այլևս ինձ չի ուրախացնում. այդպես էլ պետք է լինի: Մեր հաջորդ քայլն է` կազմակերպչական և բովանդակային աշխատանքների բնույթը դարձնել հենց ինքնագնահատման առարկա` պլանավորումից մինչև մոնիթորինգ: Այն ձևակերպումը, որ տարիներ շարունակ այդպես ենք արել, այլևս արդարացում չէ և իներցիոն բնույթը չի կարող արդարացվել, այսպես կոչված, ավանդույթներով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան