Ինչպե՞ս պետք է խնամել մաշկը ձմռանը
Մաշկը մշտապես ունի խնամքի կարիք, իսկ հատկապես ձմռանը մաշկը պահանջում է յուրահատուկ խնամք, քանի որ չոր և ցուրտ օդը վնասում է դեմքի մաշկը: Արդյունքում, դեմքի շրջանում զգացվում է չորություն, որը հաճախ արտահայտվում է թեփոտությամբ:
Բժիշկ-կոսմետոլոգ Գայանե Վարդանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անկախ եղանակային փոփոխություններից` հարկավոր է խնամել մաշկը:
Բժիշկը խորհուրդ է տալիս մշտապես օգտագործել խոնավեցնող քսուքներ, ցրտին` խոնավեցնող-սնուցող կրեմներ: «Ձմռանը հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել մաշկի խոնավացմանը և միշտ մաքրել: Խորհուրդ է տրվում օրը երկու անգամ դեմքին խոնավեցնող կրեմ քսել»,- ասաց Գ.Վարդանյանը:
Նրա խոսքերով` խոնավեցնող քսուքը դեմքին պետք է քսել տանից դուրս գալուց ոչ ուշ, քան կես ժամ առաջ: Այլապես դեմքը կարող է թեփոտվել կամ ծածկվել բծերով, քանի որ քսուքի խոնավեցնող բաղադրիչը ցուրտ փողոցում սառչում է, և այդ դեպքում մաշկի վրա նրա ներգործությունը կարող է ոչ թե օգուտ, այլ վնաս բերել:
Գ.Վարդանյանը նշեց, որ ձմռանը մաշկը խոնավեցնելու, ինչպես նաև գեղեցիկ դարձնելու համար հարկավոր է շաբաթական գոնե մեկ անգամ դիմակներ դնել: Դրանք կարելի է պատրաստել տնային պայմաններում:
Չոր մաշկ ունեցողներին բժիշկը խորհուրդ է տալիս պատրաստել հետևյալ դիմակը. Վարսակի շիլային խառնել թթվասեր և քսել դեմքին: 15 րոպե հետո դեմքը լվանալ գոլ ջրով և քսել խոնավացնող կրեմ:
Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել ձվի սպիտակուցով և մեղրով դիմակ:
Յուղոտ մաշկ ունեցողների համար բժիշկը առաջարկում է ևս մեկ դիմակ. 1 հատ բանանը տրորել, վրան ավելացնել մեկ թեյի գդալ թթվասեր կամ մածուն և քսել դեմքին: Թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով, որից հետո դեմքին քսել թեթև խոնավեցնող կրեմ:
Գ.Վարդանյանը նշեց, որ դեմքի մաշկից ոչ պակաս, ձմռանը վնասվում է նաև ձեռքերի մաշկը: Ձմռան ցուրտ եղանակին պարտադիր պետք է ձեռնոցներ կրել, բացի այդ ձեռքերը պետք է լվանալ միայն տաք ջրով, բայց ոչ չորացնող օճառով: Լվանալուց հետո, ըստ նրա, պետք է քսել յուղոտ կրեմներ: Բացի այդ, ձմռանը խորհուրդ է տրվում ձեռքերին քսել կարագ կամ զեյթունի ձեթ, իսկ 15-20 րոպե հետո ձեռքերը լվանալ գոլ ջրով, որից հետո հարկավոր է կրեմ քսել:
Տանը՝ կենցաղային տարբեր գործեր կատարելիս ևս, Գ.Վարդանյանի խոսքերով, պետք է հագնել ձեռնոցներ, քանի որ մաքրող միջոցները քիմիական են և վնասում են ձեռքերի մաշկը:
Ձմռանը պետք է ուշադրություն դարձնել նաև շուրթերի խնամքին, քանի որ շուրթերի մաշկն ավելի նուրբ է, ուստի տանից դուրս գալուց առաջ, ըստ մաշկաբանի, պետք է օգտագործել շուրթերի բալզամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում