«Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար նախնական 625 սիրիահայ է գրանցվել
Նոր Հալեպ թաղամասում բնակարան ունենալը կախված է սիրիահայերի ցանկությունից: Այս մասին այսօր Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած ֆեյսբուքյան սիրիահայ խմբերի պատասխանատուների, ներկայացուցիչների հանդիպում-քննարկման ժամանակ ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը նշեց, որ այս պահին բնակարան ձեռք բերելու համար նախնական գրանցվել է 625 մարդ. «Հետագայում արդեն կերևա, թե կուզենան, արդյո՞ք, 6 տոկոսով հիփոթեքային վարկեր վերցնել և բնակարաններն ունենալ, թե` ոչ: Որևէ մեկին պարտադրել, հանձնարարել չենք կարող: Այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում էր, մենք արեցինք»,- ասաց նախարարն ու հիշեցրեց, որ տարածքն անվճար տրամադրել է պետությունը: Ճարտարապետական նախագիծը ևս արվել է անվճար:
Թաղամասի կառուցումը տարբեր հակասական կարծիքների և քննարկումների տեղիք է տվել, որոնց Panorama.am-ը կանդրադառնա առաջիկայում:
Որոշ սիրիահայեր կարծիք են հայտնում, որ ավելի լավ կլինի այդ գումարներով իրենց համար թեկուզ Աշտարակ քաղաքում արդեն պատրաստի բնակարաններ գնեին: Դա պատճառաբանում են նրանով, որ իրենք վարձով են ապրում և տան վարձին զուգահեռ նոր բնակարան ձեռք բերելու գումարները չեն կարող վճարել:
Նկատեք, որ թաղամասում տներն ի սկզբանե վաճառքի համար են եղել, իսկ նվիրատվությունները կարող են նվազեցնել վաճառքի գինը:
Նշենք, որ «Նոր Հալեպ» թաղամասը լինելու է Աշտարակում՝ դեպի Էջմիածին գնացող մայրուղու վրա: Ըստ նախագծի, թաղամասն ունի երկու շենք և ակումբային շենք: Ընդհանուր 488 միավոր բնակելի տարածք է, որտեղ կլինեն մեկից երեք սենյականոց բնակարաններ` մոտ 2000 մարդու համար նախատեսված:
Հարդարված և վերջնական տեսքի բերված բնակարանների քառակուսի մետրը, ըստ նախնական հաշվարկների կարժենա 500-550 ԱՄՆ դոլար, իսկ ոչ հարդարված վիճակում՝ 350-400:
Նախորդիվ`
Սիրիահայերին ներկայացվեցին «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու պայմանները
«Որքան շատ բարերարներ լինեն, այնքան «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանների արժեքը կարող է նվազել»
Ճարտարապետը ներկայացրել է Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու լուծումները
Սկսվել են «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները
«Նոր Հալեպ»-ում հաջորդ աշնանը տասնյակ բնակարանամուտ կտոնվի
«Նոր Հալեպ» թաղամասի համար հատկացվել է 4.8 հա տարածք. Աշխատանքները պետք է արագացվեն
Շուրջ 300 սիրիահայ ընտանիք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում