Ք. Պենդերեցկին Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություն է գրելու
«Սա արդեն իմ երրորդ այցելությունն է Հայաստան: Ձեր երկիր մշտապես վերադառնում եմ հաճույքով: Իմ սերը Հայաստանի նկատմամբ կապված է հայկական արմատներ ունենալու հետ. իմ տատիկն ազգությամբ հայ էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեհ նշանավոր կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Նա Հայաստանում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում: Միջոցառումն անցկացվում է արվեստագետի 80-ամյա հոբելյանի առիթով: Նշենք, որ «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարով մեկնարկում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 15-րդ համերգաշրջանը:
Ք. Պենդերեցկին նաև հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է գրել երգչախմբային ստեղծագործություն` սաղմոսների հիման վրա, որոնք ընտրելու է իր ընկերոջ` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի հետ:
«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը մեկնարկելու է այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և թավջութակահար Բարտոշ Կոզիակի համատեղ ելույթով:
Հունվարի 14-ին «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում ելույթ են ունենալու ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը և Անի Կարապետյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Արթուր Ավանեսովն ու Ջուլիետա Վարդանյանը, կլարնետահար Դարկո Բռլեկը:
Հունվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ են ունենալու Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու «Հովեր» կամերային երգչախումբը, ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին:
Հունվարի 16-ին կայանալու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Քշիշտոֆ Պենդերեցկու համատեղ ելույթը: Ելույթ է ունենալու նաև ջութակահար Ագատա Շիմչևսկան և ալտահար Ռոբերտ Կաբառան:
Համերգների ընթացքում հնչելու են Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործությունները:
Ք. Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին: Իրավաբան հայրը, որ խանդավառ ջութակ էր նվագում, վաղ տարիքից որդուն կապել է երաժշտությանը: Պենդերեցկին 18 տարեկանում ընդունվել է Կրակովի կոնսերվատորիան՝ միաժամանակ տեղի համալսարանում ուսանելով փիլիսոփայություն, արվեստի պատմություն և գրականության պատմություն, իսկ 1954-ից՝ երաժշտություն Կրակովի Երաժշտության պետական ակադեմիայում (Արթուր Մալավսկիի և Ստանիսլավ Վիեխովիցի մոտ): 1958-ին ավարտելով ուսումը՝ նշանակվել է երաժշտական բարձրագույն դպրոցի դասախոս: Իր հինգ սիմֆոնիաների, փոքրածավալ նվագախմբային երկերի, սոլո կոնցերտների (այդ թվում՝ ջութակի երկու կոնցերտ, ալտի կոնցերտ, թավջութակի երկու կոնցերտ, ֆլեյտայի կոնցերտ, որոնցից մի քանիսը՝ այլ սոլո գործիքների համար նախատեսված տարբերակներով), կամերային երաժշտական գործերի և բազմաթիվ վոկալ ստեղծագործությունների համար Պենդերեցկին արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմի» մրցանակի (1987, 1999, 2001):
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան