Փարիզում կայացել է Լավրովի հանդիպումը ընդդիմության առաջնորդ Ջարբայի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փարիզում հանդիպել է Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմադ Ջարբայի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես հասկանում եմ, որ Ձեզ, առաջին հերթին, մտահոգում է Ձեր հայրենիքի ճակատագիրը: Մենք նույնպես անտարբեր չենք սիրիացի ժողովրդի ճակատագրի հանդեպ»,-ասել է Լավրովը` կոչ անելով մասնակցել հունվարի 22-ին նախատեսված «Ժնև-2» համաժողովին:
Սիրիայի ընդդիմությունը գտնում է, որ համաժողովի կազմակերպիչները` Ռուսաստանը և ԱՄՆ-ն, իրենց բավական երաշխիքներ չեն տալիս` կապված համաժողովի վերջնական դրական արդյունքների հետ: Ըստ նրանց` համաժողովի ժամանակ պետք է ձևավորվի ժամանակավոր կառույց, որին փոխանցվելու է իշխանությունը, իսկ ներկայիս նախագահ Բաշար Ասադը տեղ չունի ապագա Սիրիայում: Ազգային կոալիցիան իր մասնակության մասին կհայտարարի հունվարի 17-ին:
«Սիրիայի ընդդիմադիր առաջատար խմբավորման ղեկավարին կոչ ենք արել իր վրա վերցնել պատասխանատվությունը և ընդդիմության պատվիրակության կազմում ապահովել Ազգային կոալիցիայի մասնակցությունը կայանալիք ֆորումում, որի նպատակն է դադարեցնել զինված հակամարտությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում:
Նշենք, որ նախօրեին` «Ժնև-2» համաժողովի անցկացումից 10 օր առաջ, Ֆրանսիայում տեղի է ունեցել «Սիրիայի ընկերներ» խմբի 11 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին ներկա էր նաև Ահմադ Ջարբան և Ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսը:
Հանդիպման ժամանակ Ջարբան հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա ընտանիքի անդամները երկրի ապագայում չպետք է դեր ունենան:
Ի դեպ, այսօր նախատեսված է Լավրովի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի և Հորդանանի ԱԳՆ ղեկավար Նասեր Ջոդի հետ, որի ժամանակ քննարկվում է համաժողովի անցկացման մանրամասները:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան