Կոռուպցիոն սկանդալից հետո անցկացված սոցհարցում Թուրքիայում
Նախորդ տարեվերջին Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալը նոր խմորումներ առաջ բերեց երկրի քաղաքական ու հանրային կյանքում: Դա առիթ հանդիսացավ, որպեսզի «GENAR» հետազոտական կազմակերպությունը հանրային կարծիքի ուսումնասիրության աշխատանքներ իրականացնի: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվականի` Թուրքիայի 30 խոշոր քաղաքներում անցկացված սոցհարցմանը մասնակցել է 3.181 քաղաքացի:
«Եթե ընդդիմադիր «ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը և գյուլենական համայնքը դաշինք կազմեն, կքվեարկե՞ք այդ դաշինքի օգտին» հարցին քաղաքացիների 94.3 տոկոսը բացասական պատասխան է տվել: Սա ցույց է տալիս, որ ընդդիմադիր զանգվածի ճնշող մեծամասնությունը մտադիր չէ իր քվեն տալ Էրդողանի վարչակազմի հետ հակամարտության մեջ մտած իսլամական շարժմամբ հայտնի գյուլենական համայնքին:
Հարցման ենթարկվածների 47.5 տոկոսը Թուրքիայի ամենախարիզմատիկ առաջնորդ է համարել ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի մասին նման կարծիքի է 14.2 տոկոսը: Երրորդ տեղում (10.1 %) «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին է, չորրորդում` (5.2 %) քրդական «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Թուրքիայում մարտի 30-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սոցհարցման մասնակից քաղաքացիների 48.8 տոկոսը նշել է, որ իր ձայնը տալու է Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներին, իսկ 28 տոկոսը նախապատվությունը տվել է ընդդիմադիր ժողովրդահանրապետական թեկնածուներին: Ըստ հարցման արդյունքների` երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը 13%, 6.5 % և 1.4% ցուցանիշներով համապատասխանաբար զբաղեցրել են «Ազգայնական շարժում», «Խաղաղություն և ժողովրդավարություն» և «Բարօրություն» կուսակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա