Washington Post. Ադրբեջանի կառավարությունը օգտագործում է լրատվամիջոցները իշխանությունը պահպանելու համար
Չնայած համացանցի և սոցիալական կայքերի մասսայականության աճին` ավտորիտար համակարգերը, այդ թվում Ադրբեջանը օգտագործում են պետության կողմից կառավարվող լրատվամիջոցները իշխանության գլուխ մնալու համար, ասվում է ամերիկյան «Washington Post» թերթի կայքում տեղադրված` Ռոբերտ Օրթունգի և Քրիստոֆեր Ուոքերի հոդվածում:
Ըստ հեղինակների ` Չինաստանի, Զիմբաբվեի, Վիետնամի, Իրանի և Ադրբեջանի կառավարությունները, օգտագործելով սոցիալական կայքերը և լրատվամիջոցները,իրենց ազդեցությունն են թողնում մեծաթիվ լսարանի վրա:
«Ավտորիտար համակարգերի մեծ մասը չեն ձգտում իրենց տիրապետության տակ վերցնել բոլոր զանգվածային լրատվամիջոցները, այլ ձգտում են ձեռք բերել «լրատվամիջոցների արդյունավետ վերահսկողություն», ինչը նրանց հնարավորություն կտա ցուցադրելու իրենց ուժը, և կամ խափանելու պոտենցիալ այլընտրանքները», - ասվում է հոդվածում:
Ինչպես նշում են հեղինակները, ավտորիտար կառավարությունները ցանկանում են իրենց ազդեցությունը և վերահսկողությունը ունենալ հետևյալ լասարանների վրա: Առաջին կարևոր լսարանը երկրի վերնախավն է, քանի որ իշխանական էլիտայում կոնֆլիկտի առաջացման դեպքում ամբողջ համակարգը կարող է քանդվել: Երկրորդը` ամբողջ հանրությունն է: Պետության կողմից կառավարվող զանգվածային լրատվամիջոցները աշխատում են հանրության մեջ իշխանությունների հանդեպ, թե վախ և թե հարգանք առաջացնել:
Ըստ հոդվածի` կարևորությամբ երրորդը ընդդիմադիր կուսակցությունների և անկախ հասարակական կազմակերպությունների լսարանն է: Այս դեպքում կառավարության զանգվածային լրատվամիջոցները փոձում են խափանել հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր կուսակցությունների համախմբումը և մոբիլիզացումը: Վերջինը, ում վրա լրատվամիջոցները ազդեցություն են թողնում, համացանցից մշտական օգտվողներն են: Ավտորիտար համակարգերի իշխանությունները հասկանում են, որ այսօր համացանցի քաղաքական բովանդակությունը կառավարելը նույնքան կարևոր է, որքան այլ զանգվածային լրատվամիջոցներինը:
Հեղինակները առաջ են քաշում Ադրբեջանի օրինակը, նշելով, որ «Ադրբեջանում ամեն ինչ փչացնելու և խառնելու նպատակով իշխանամետ մի երիտասարդական խումբ համացանցում հրապարակում է Ադրբեջանի ընդդիմության վրա ցեխ շպրտող հոդվածներ»: